Մնալ, համագործակցել, բայց անվտանգության տեսանկյունից հույսեր չկապել. Քոչարյանը` ՀԱՊԿ-ի մասին |armenpress.am|
12:26 - 17 փետրվարի, 2022

Մնալ, համագործակցել, բայց անվտանգության տեսանկյունից հույսեր չկապել. Քոչարյանը` ՀԱՊԿ-ի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կմիջամտի Հայաստանի վրա հարձակման դեպքում, սակայն այդ կազմակերպությունում մնալը անհրաժեշտություն է համարում:

Փետրվարի 17-ի մամուլի ասուլիսի ժամանակ Քոչարյանը նշեց, որ ՀԱՊԿ-ը ունի հիմնական երեք ուղղություն` Ռուսաստան-Բելառուս (Արևմտյան ուղղություն), Ռուսաստան- Հայաստան (Հարավային Կովկաս ուղղություն) և Ռուսաստան-Կենտրոնական Ասիայի երկրներ: Քոչարյանի խոսքով՝  անվտանգային սպառնալիքները տարբեր էին այդ երեք ուղղություններով, շատ դեպքերում՝ իրար հետ չառնչվող:

«Բայց այս ամենը ամփոփված էր մեկ կազմակերպության մեջ, քանի որ կենտրոնական դերակատարությունը Ռուսաստանինն էր, և Ռուսաստանը բոլոր այդ սպառնալիքների նկատմամբ շատ զգայուն էր»,- ասաց Քոչարյանը:

Երկրորդ նախագահը, գնահատելով Հայաստանի վիճակը ՀԱՊԿ-ի կոնտեքստում, նշեց, որ Հայաստանը հարձակման լրջագույն սպառնալիք ունի երկու երկրներից` Թուրքիայից և Ադրբեջանից, բայց այդ երկու երկրները ՀԱՊԿ անդամ մյուս երկրների հետ, բացի Ռուսաստանից, ունեն շատ ավելի ջերմ հարաբերություններ ու շատ ավելի ծավալուն հարաբերություններ բոլոր ոլորտներում, իսկ թուրքախոս երկրները Թուրքիայի և Ադրբեջանի հետ նույնիսկ մաս են կազմում այլ կազմակերպությունում:

«Հետևաբար, մտածել, որ որևէ կերպ ՀԱՊԿ-ը կարող է արձագանքել մեր վրա հարձակմանը, կլիներ միամտություն: Ուղղակի դա բացառվում է: Եվ խոսքը նրա մասին չէ, որ ՀԱՊԿ-ը մեռած կառույց է, չի աշխատում: Լավ էլ աշխատում է այնտեղ, որտեղ բոլորի շահերը համընկնում են: Եվ աշխատեց Ղազախստանի պարագայում: Սա փաստ է, և մենք ուղղակի այս փաստի հետ  պետք է հաշվի նստենք: Մնա՞լ ՀԱՊԿ-ում,  թե  ՞ չմնալ: Իհարկե, մնալ: Առաջինը, չկա կառույց, որը կփոխարինի ՀԱՊԿ-ին և երկրորդը՝ այդ կազմակերպության շրջանակներում կան բազմաթիվ պայմանագրեր, մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում ինչ-որ չափով կարգավորվում է: Մնալ, համագործակել, բայց անվտանգության տեսանկյունից հույսեր չկապել»,- ընդգծեց Քոչարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել