Եթե իշխանությունը ամեն անգամ այսպիսի ռումբեր դնի բանակցային գործընթացի տակ, ապա ոչնչի չենք հասնի, միայն կամրագրենք փաստացի իրավիճակը․ Քոչարյան
13:19 - 17 փետրվարի, 2022

Եթե իշխանությունը ամեն անգամ այսպիսի ռումբեր դնի բանակցային գործընթացի տակ, ապա ոչնչի չենք հասնի, միայն կամրագրենք փաստացի իրավիճակը․ Քոչարյան

Ղարաբաղի ձևավորման իրավական հիմքերը անխոցելի են, ուղղակի պետք էր Ղարաբաղը դե ֆակտո պահել, բանակը պահել, պատերազմ չհրահրել, չպարտվել պատերազմում և տնտեսապես հզորացնել Ղարաբաղը, ու փաստացի ճանաչումը ժամանակի հարց էր։  Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ 2016 թ․-ին Արցախը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու տեսական և գործնական հնարավորությունները։

«Այդպիսի կոնֆիլկտները արագ չեն լուծվում, օրինակ եթե այս պատերազմում չպարտվեինք գոնե մի երկու շաբաթ, տաս օր չնահանջեինք որևէ տեղ․․․ամեն օր մենք նահանջել ենք։ Պատերազմը կկանգներ, և հետո իսկապես հնարավորություն կստեղծվեր ճանաչման որոշակի գործընթաց սկսել։ Եթե այսպես շարունակվի, մենք լրջագույն պրոբլեմներ ենք ունենալու, մենք ամեն օր կորցնում ենք որոշակի հնարավորություններ։ Ես ասացի՝ չեմ պատկերացնում՝ բանակցային գործընթացում ինչ են բանակցելու, և եթե ամեն անգամ իշխանությունը այսպիսի ռումբեր դնի կամ նռնակներ դնի բանակցային գործընթացի տակ, ապա մենք այդ բանակցային գործընթացով ոչնչի չենք հասնի։ Մենք ընդամենը ամրագրելու ենք փաստացի իրավիճակը։ Ես լրջագույն պրոբլեմ եմ տեսնում և համարում եմ, որ այսօր Ղարաբաղը շատ լուրջ դերակատարություն պետք է  ունենա Հայաստանի հետ իր հարաբերություններում՝ ստիպելով, պահանջելով, որ Հայաստանի իշխանությունները բացատրեն, թե ինչ են անում»։

Քոչարյանի տպավորությամբ՝ Արցախի հարցը բոլոր կողմերի համար ծանր թեմա է, և Արցախի իշխանությունները չեն ուզում թեման սրել՝ Հայաստանի հետ հարաբերությունները չփչացնելու համար․ «Պետք է շատ ավելի վճռական լինեն, և պետք է շատ ավելի համարձակ լինեն ՀՀ-ի առջև խնդիրներ դնելու առումով։ Չպետք է նայեն հարաբերությունները կփչանան, թե ոչ։ Անձնական դաշտի մեջ չի այս ամենը, այսօր լինել-չլինելու հարցն է։ Որևէ մեկը գիտի՞՝ ինչ է լինելու 3 տարի հետո, երբ ռուսական խաղաղապահների մանդատի 5 տարին լրանա, ՀՀ ղեկավարությունից որևէ մեկը գիտի՞։ Ոչ մեկը չգիտի, չեն էլ քննարկում այդ հարցը այսօր։ Խուսափում են այդ քննարկումից»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել