ԵԱՀԿ Ստամբուլյան փաստաթուղթը չի ենթադրում, որ ԼՂ հարցը պիտի լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում. Փաշինյանը սխալվում է
14:46 - 18 փետրվարի, 2022

ԵԱՀԿ Ստամբուլյան փաստաթուղթը չի ենթադրում, որ ԼՂ հարցը պիտի լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում. Փաշինյանը սխալվում է

Երեկ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ընթացքում, լրագրողներից մեկը հիշեցրեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ)` Ստամբուլյան գագաթնաժողովի ժամանակ ընդունված փաստաթուղթը․ «Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նա այդ հայտարարությունն արել էր, որպես դրա վառ ապացույց հիշեցրել ԱՊՀ-ի հիմնադիր փաստաթղթերը։ Իշխանությունները և Ձեր (Ռոբերտ Քոչարյանի- խմբ․) այլ ընդդիմախոսներ հաճախ են նշում, որ 1999 թ․, Ստամբուլում ԵԱՀԿ գագաթնաժողովի փաստաթուղթը ստորագրելով, Դուք նույնպես ճանաչել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։ 

Ի պատասխան լրագրողի հարցի՝ Քոչարյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ստում է․ «Ստամբուլյան փաստաթուղթը մեր դիվանագիտական ամենից լուրջ հաղթանակներից մեկն է եղել այդ տարիների ընթացքում։ ․․․ Այնտեղ կա անդրադարձ պոստսովետական տարածքում բոլոր կոնֆլիկտներին՝ Մոլդովայում, Վրաստանում, Ռուսաստանում (Չեչնիայի հարցն էր այն ժամանակ), Հայաստանում։ Բոլոր կոնֆլիկտների վերաբերյալ այդ փաստաթղթի մեջ գրված է․ «Մենք հարգում ենք, վերահաստատում ենք, ևս մեկ անգամ պնդում ենք այդ երկրների տարածքային ամբողջականությունը, և որ հարցը պետք է կարգավորվի այդ երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում»։  Մոլդովայի տարածքային ամբողջականությունն էր վերահաստատվում, Վրաստանի տարածքային ամբողջականությունը, Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը, և միայն Ղարաբաղի հարցի կարգավորման պարբերության մեջ չկա ոչինչ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին»։ 

 

Ի՞նչ է հայտարարել Նիկոլ Փաշինյանը

2021-ի մայիսին՝ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում, այն ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Մեղրիի փոխանակման թեման Հայաստանի Հանրապետությունում քննարկվել է մեկ անգամ՝ 1999 թվականին։ Այդ քննարկմանը մասնակցել են Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը, որոնք դեմ են այրահայտվել։ Այդ քննարկումից հետո Վազգեն Սարգսյանը մեկնել է Մեղրի և էնտեղ խոսել է Մեղրիի ռազմական նշանակության վերաբերյալ, որից հետո տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ը, սպանվել են Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը, որից հետո տեղի է ունեցել ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթնաժողովը, որի ընթացքում ընդունվել է Եվրոպայում անվտանգության Ստամբուլյան խարտիան, որի մեջ, ըստ էության, Հայաստանը կողմ է քվեարկել էն բանաձևերին, որը պիտի նշանակի, որ Ղարաբաղի հարցը պիտի լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Ուզում եմ էսպիսի մի զուգահեռ տանել․ 1996 թվականին տեղի է ունեցել Լիսաբոնի գագաթնաժողովը, որտեղ էլի էդպիսի ձևակերպում է եղել, բայց 96 թվականին ՀՀ-ն վետո է դրել այդ որոշման վրա։ Բայց 99 թվականին ՀՀ-ն արդեն կողմ է քվեարկել։ Իհարե, դրանք նույն բաները չեն եղել, բայց բովանդակային առումով»․․․

Այս հատվածում Փաշինյանի խոսքը կիսատ է մնում։

2021-ի հունիսին Նիկոլ Փաշինյանը կրկին հիշեց Լիսաբոնի գագաթնաժողովը, որտեղ ընդունվող փաստաթղթի վրա Հայաստանը վետո էր դրել։ Այնուհետև անդրադարձավ Ստամբուլի գագաթնաժողովին՝ այս անգամ մեջբերելով Եվրոպայում անվտանգության խարտիայից հատված․ «Մարդու իրավունքների` ներառյալ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների նկատմամբ լիարժեք հարգանքը, բացի այն բանից, որ դա ինքնին նպատակ է, չպետք է խաթարի, այլ պիտի հակառակը՝ ամրապնդի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»։ 

Փաշինյանն այս հատվածը մեկնաբանեց հետևյալ կերպ․ «Ի՞նչ ա ասում․ ասում ա՝ այո՛, ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է հարգվեն, բայց էդ իրավունքների հարգման պրոցեսում երկրների տարածքային ամբողջականությունը չպետք է խաթարվի, այսինքն՝ երկիրը ամբողջական պետք է մնա»։

Այնուհետև նա շարունակեց մեջբերումը․ «Ինքնավարության տարբեր հայեցակարգերը, ինչպես նաև վերոնշյալ փաստաթղթում նշված այլ մոտեցումները, որոնք համապատասխանում են ԵԱՀԿ սկզբունքներին, ազգային փոքրամասնությունների էթնիկ, լեզվական և կրոնական ինքնության պահպանման և խթանման միջոցներն են գոյություն ունեցող պետության ներսում»։ 

 

Ի՞նչ է գրված Եվրոպայում անվտանգության խարտիայում

1999-ի նոյեմբերի 18-19-ին Ստամբուլում տեղի է ունեցել ԵԱՀԿ գագաթնաժողովը, որի ընթացքում ընդունվել է Եվրոպայում անվտանգության խարտիան։ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Հայաստանի ստորագրած այս փաստաթղթով Լեռնային Ղարաբաղի հարցը պիտի լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Փաստաթղթում, սակայն, Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ որևէ ձևակերպում չկա։

Փաշինյանի մեջբերած հատվածը Խարտիայի՝ մարդու իրավունքներին վերաբերող հատվածից է։

«Մարդու, այդ թում՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների լիակատար հարգումը, բացի նրանից, որ ինքնին նպատակ է, կարող է ոչ թե խաթարել, այլ ամրապնդել տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Ինքնավարության տարբեր կոնցեպտները, ինչպես նաև վերը նշված, ԵԱՀԿ սկզբունքներին համահունչ փաստաթղթերում ուրվագծված այլ մոտեցումները գոյություն ունեցող պետության ներսում ազգային փոքրամասնությունների էթնիկ, մշակութային լեզվական և կրոնական ինքնությունը պահպանելու և խթանելու ուղիներ են։ Մենք դատապարտում ենք ցանկացած փոքարամասնության դեմ բռնությունը»,- ասվում է խարտիայում։

Տարածքային ամբողջականությանը փաստաթղթում ևս մեկ անգամ է ընդհանուր անդրադարձ կատարվում․ «Մենք, ԵԱՀԿ մեր պարտականություններին համապատասխան, անհապաղ կխորհրդակցենք անդամ պետության հետ, որն օգնություն է խնդրում՝ իրականացնելու իր անհատական կամ հավաքական ինքնապաշտպանության իրավունքը այն դեպքում, երբ վտանգված են իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և քաղաքական անկախությունը: Մենք համատեղ կքննարկենք սպառնալիքի բնույթը և գործողությունները, որոնք կարող են պահանջվել մեր ընդհանուր արժեքների պաշտպանության համար»։

Իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում անդրադարձ է կատարվում Ստամբուլյան գագաթնաժողովի հռչակագրում, որտեղ ասվում է․ «Մենք հատկապես ողջունում ենք ակտիվ երկխոսությունը Հայաստանի և  Ադրբեջանի նախագահների միջև, որոնց կանոնավոր շփումները հնարավորություններ են ստեղծել դինամիկ դարձնելու խնդրին (Ղարաբաղյան- խմբ․)  տևական և համապարփակ լուծում գտնելու գործընթացը: Մենք վճռականորեն աջակցում ենք այս երկխոսությանը և խրախուսում դրա շարունակությունը հույսով, որ բանակցությունները կվերսկսվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Մենք հաստատում ենք նաև, որ ԵԱՀԿ-ն և Մինսկի խումբը, որը մնում է [հակամարտությանը] լուծում գտնելու ամենահամապատասխան ձևաչափը, պատրաստ են խաղաղության գործընթացի և ապագայում դրա իրականացման հետագա առաջմղմանը՝ ներառյալ կողմերին անհրաժեշտ օգնություն տրամադրելը»։

Ստամբուլյան գագաթնաժողովի հռչակագրում այլ հակամարտություններին անդրադառնալիս խոսվում է կոնկրետ երկրների տարածքային ամբողջականության մասին: Կոսովոյից խոսելիս, օրինակ, նշվում է Հարավսլավիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության մասին, Հարավային Օսեթիային և Աբխազիային անդարադառնալիս՝ Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության մասին, և այսպես շարունակ։ 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հատվածում Արդբեջանի տարածքային ամբողջականության մասին, սակայն, ոչ մի խոսք չկա։ Այդ մասին ասուլիսի ժամանակ նշեց նաև Ռոբերտ Քոչարյանը։ 

Եվրոպայում անվտանգության խարտիայում, փաստորեն, խոսքը պետության ներսում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին է, և ընդամենը նշվում է, որ դա չի կարող խաթարել պետության տարածքային ամբողջականությունն ու ինքիշխանությունը։ Իսկ ԼՂ հակամարտության մասին խոսվում է միայն Ստամբուլյան գագաթնաժողովի հռչակագրում, որտեղ ևս խոսք չկա Արդբեջանի տարածքային ամբողջականության մասին։

Իսկ Լիսաբոնյան փաստաթուղթում, որի հետ Նիկոլ Փաշինյանը համեմատում է Ստամբուլյան փաստաթուղթը, խոսվում է կոնկրետ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին․ «Բոլորդ գիտեք, որ վերջին երկու տարում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Ադրբեջանի Հանրապետության տարածքային աբողջականության խնդիրը կարգավորելու հարցում  ոչ մի առաջընթաց չի գրանցվել։ Ցավում եմ, որ Մինսկի կոնֆերանսի համանախագահների ջանքերը՝ համաձայնեցնելու կողմերի տեսակետները կարգավորման սկզբունքների վերաբերյալ, անհաջող են եղել»։

Այնուհետև նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի երեք սկզբունքների հիման վրա՝

  • Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, 
  • Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակ՝ սահմանված ինքնորոշման իրավունքի վրա հիմնված համաձայնագրով, որը Լեռնային Ղարաբաղին տալիս է Ադրբեջանի կազմում ինքնակառավարման բարձր աստիճան,
  • Լեռնային Ղարաբաղի և դրա բնակչության համար երախշավորված անվտանգություն՝ ներառյալ փոխադարձ պարտավորությունները` ապահովելու բոլոր Կողմերի՝ կարգավորման դրույթների պահպանումը:

Այս փաստաթուղթը ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունն է:

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը մանիպուլյատիվ պնդում է անում՝ համեմատելով Լիսաբոնյան փաստաթուղթը և Եվրոպայում անվտանգության խարտիան։ Լիսաբոնյան փաստաթղթի դեպքում կոնկրետ ձևակերպում կար Ադրբեջանի տարածքային ամբողջականության և Ադրբեջանի ներսում ԼՂ կարգավիճակի մասին, իսկ խարտիայում այդ մասին խոսք չկա․ այստեղ խոսվում է միայն պետություների ներսում ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին։ Իսկ ԼՂ հակամարտության մասին խոսվում է ոչ թե Եվրոպայում անվտանգության խարտիայում, այլ Ստամբուլյան գագաթնաժողովի հռչակագրում, որտեղ նշվում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

 

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել