Նախորդ 18 տարում ակնհայտ ապօրինի ձերբակալելու կամ կալանավորելու հոդվածը ՀՀ-ում չի կիրառվել
18:48 - 18 փետրվարի, 2022

Նախորդ 18 տարում ակնհայտ ապօրինի ձերբակալելու կամ կալանավորելու հոդվածը ՀՀ-ում չի կիրառվել

2003 թվականից 2021-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի՝ ակնհայտ ապօրինի ձերբակալելու կամ կալանավորելու հատկանիշներով պետական կառույցներում հանցագործության որեւէ դեպք չի հաշվառվել։ Քրեական օրենսգրքի ընդունման պահից ի վեր այդ հոդվածով առաջին անգամ գործ է հարուցվել միայն 2022 թվականին։ 

ՀՀ ՔՕ 348-րդ հոդվածը այն հոդվածն է, որով մեղադրանք է առաջադրվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։ Մի խումբ դատավորներ արտահերթ ժողով հրավիրելու մասին Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանին ուղղված իրենց դիմումում եւս նշել են, որ ՔՕ 348-րդ հոդվածը մինչ այս պահը փաստացի չի կիրառվել։

Infocom-ը ուսումնասիրել է, թե ՔՕ 348-րդ հոդվածի վերաբերյալ ինչ վիճակագրություն է առկա Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում եւ Դատական դեպարտամենտում։

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ հանցագործությունները եւ այլ իրավախախտումները կանխելու նպատակով ոստիկանությունը կառավարության սահմանած կարգով իրավունք ունի իրականացնել որոշակի տվյալների հաշվառում։ Ըստ այդմ, ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնը հաշվառում է որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու, հարուցված քրեական գործը կարճելու մասին որոշումները, դատարանի դատավճիռները եւ այլն։ Հաշվի առնելով սա՝ գրավոր հարցմամբ ոստիկանությունից խնդրել էինք հայտնել, թե 2003-2021 թթ ընթացքում այդ հոդվածի հատկանիշներով քանի քրեական գործ է հարուցվել, եւ ինչ փուլում է դրանցից յուրաքանչյուրը։ Ոստիկանությունից պատասխանել են, որ այդ ընթացքում ՀՀ ՔՕ 348-րդ հոդվածի հատկանիշներով հանցագործության որեւէ դեպք հաշվառված չէ։

Քրեական գործերի վերաբերյալ առանձին վիճակագրություն է վարում նաեւ Դատական դեպարտամենտը՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքին եւ Կառավարության որոշմամբ սահմանված կարգին համապատասխան։ Դեպարտամենտի վիճակագրությունը ներառում է ոչ միայն մինչդատական եւ դատական վարույթը, այլ նաեւ քրեական գործի հարուցմանը նախորդող փուլը, երբ, օրինակ, դեռ նյութեր են նախապատրաստվում կամ մերժվում է քրեական գործի հարուցումը։ Օրենքի պահանջով՝ վիճակագրական տվյալների հաշվառումից հետո Դեպարտամենտը դրանք հրապարակում է։ Դատական իշխանության պաշտոնական կայքում, սակայն, հրապարակված տվյալները հասանելի են՝ սկսած միայն 2015 թվականից։ Ուստի գրավոր հարցմամբ դիմել էինք նաեւ ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ խնդրելով տրամադրել հիշյալ հոդվածին վերաբերող ամբողջական վիճակագրություն՝ սկսած 2003 թվականից։ 

Դատական պրակտիկայի վերլուծության եւ մշտադիտարկման վարչությունից ստացած պատասխանի համաձայն՝ «Դատական համակարգ» համակարգչային տեղեկատվական ծրագրի միջոցով դատական գործերի առկայության եւ/կամ բացակայության մասին տեղեկությունները հնարավոր է դուրս բերել՝ սկսած միայն 2008 թվականից։

Ըստ այդմ, Դատական դեպարտամենտի տվյալներով՝ 2008-2015թթ․ ընթացքում ՀՀ ՔՕ 348-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ դատարաններում չի  քննվել, չի կասեցվել կամ կարճվել, ինչպես նաեւ չի կայացվել մեղադրական կամ արդարացման դատավճիռ։

Գրավոր հարցմամբ խնդրել էինք հայտնել նաեւ, թե հաշվետու ժամանակահատվածում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ՀՀ ՔՕ 348-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու, ինչպես նաեւ մեղադրանք առաջադրելու քանի որոշում է բողոքարկվել դատական կարգով, եւ բողոքարկման արդյունքում ինչ որոշումներ են կայացվել դատարանների կողմից։  Վարչությունից ստացած պատասխանից պարզ է դառնում, որ այդպիսի վիճակագրություն եւս առկա չէ, այսինքն՝ ապօրինի ձերբակալելու կամ կալանավորելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու կամ այդ հոդվածով մեղադրանք առաջադրելու ոչ մի որոշում դատարաններում չի բողոքարկվել։  

Փոխարենը բողոքարկվել է ՔՕ 348-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործի հարուցումը մերժելու 8 որոշում։ Դա նշանակում է, որ քաղաքացին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին՝ վիճարկելով իրեն ձերբակալելու կամ կալանավորելու որոշման օրինականությունը, սակայն իրավապահ մարմինները, այդ հաղորդման հիման վրա նյութեր նախապատրաստելով, մերժել են քրեական գործի հարուցումը։ Այդ որոշումներն էլ հաղորդում տված անձինք հետագայում բողոքարկել են դատական կարգով։

Դեպարտամենտից ստացած պատասխանի համաձայն՝ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները հիշյալ 8 բողոքներից 7-ը մերժել են, 1-ը՝ բավարարել։ 

Լրացուցիչ հարցմամբ խնդրել էինք մանրամասնել՝ 8 բողոքներից 1-ը բավարարելու այդ որոշումը ո՞ր թվականին է կայացվել, ո՞ր դատարանի կողմից եւ ՔՕ 348-րդ հոդվածի կոնկրետ ո՞ր մասին՝ ակնհայտ ապօրինի ձերբակալելո՞ւն թե՞ կալանավորելուն է վերաբերել։ Խնդրել էինք  հայտնել նաեւ՝ այդ որոշման դեմ հետագայում ներկայացվե՞լ են վերաքննիչ, ապա նաեւ վճռաբեկ բողոքներ, եւ ինչպե՞ս է լուծվել դրանց ընթացքը։ Դատական պրակտիկայի վերլուծության եւ մշտադիտարկման վարչությունից տեղեկացրել են, որ օրենքով իրենց պատվիրակված լիազորության շրջանակներում հայցվող տեղեկության վերաբերյալ վիճակագրություն կամ որեւէ այլ հաշվառում Դեպարտամենտը չի վարում։

Այնուհանդերձ, հաշվի առնելով, որ բողոքը բավարարելուն չի հաջորդել քրեական գործի հարուցում (որովհետեւ ըստ պաշտոնական վիճակագրության՝ այդ հոդվածով հանցագործության դեպք մինչ 2021թ․ չի հաշվառվել)՝ ենթադրվում է, որ իրավապահ մարմիններն էլ իրենց հերթին են բողոքարկել դատարանի այդ որոշումը։ Արդյունքում, նրանց բողոքը բավարարվել է վերադաս ատյանների կողմից, ինչի հիմքով էլ քրեական գործ այդպես էլ չի հարուցվել։

Այսպիսով, դատավորների հայտարարությունը, թե ՔՕ 348-րդ հոդվածը մինչ այս պահը փաստացի չի կիրառվել, ճիշտ է։ Նախորդ 18 տարում ՀՀ-ում ակնհայտ ապօրինի ձերբակալելու կամ կալանավորելու հատկանիշներով  քրեական գործ չի հարուցվել, մեղադրանք չի առաջադրվել, չի կիրառվել որեւէ խափանման միջոց եւ չի ուղարկվել դատարան՝ ըստ էության քննության։ 

 

Լուսանկարը՝ Քննչական կոմիտեի կայքից

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել