Վարչապետը «Եվրանեսթ» ԽՎ-ի փոխնախագահին է ներկայացրել ՀՀ-ի դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ
15:56 - 21 փետրվարի, 2022

Վարչապետը «Եվրանեսթ» ԽՎ-ի փոխնախագահին է ներկայացրել ՀՀ-ի դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ խորհրդարանի անդամ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է Երևանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի ու հանձնաժողովների նիստերի անցկացումը և նշել, որ դրանք կարևոր հարթակ են համագործակցության զարգացման ու երկխոսության համար:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Եվրոպական միությունը հանդիսանում է մեր երկրի կարևոր գործընկերներից մեկը՝ ընդգծելով ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում առկա փոխգործակցությունը:

Վարչապետի խոսքով՝ ժողովրդավարության զարգացման օրակարգը ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է, և այդ ուղղությամբ քայլերը շարունակելու են կրել հետևողական ու շարունակական բնույթ:

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսը շեշտել է Հայաստանում ժողովրդավարական արդյունավետ բարեփոխումների փաստը և հույս հայտնել, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու խորանալ:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների, հաղորդակցման ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի ու Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումների, ինչպես նաև փետրվարի 4-ին տեղի ունեցած քառակողմ տեսակոնֆերանսի արդյունքներին ու ձեռք բերված պայմանավորվածություններին:

Կառավարության ղեկավարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ու միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովման անհրաժեշտությունը՝ հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել