Ես պետք է խոսեմ Պուտինի հետ, աշխարհը պետք է խոսի Պուտինի հետ, որովհետեւ այս պատերազմը կանգնեցնելու այլ միջոց չկա․ Զելենսկի
23:14 - 03 մարտի, 2022

Ես պետք է խոսեմ Պուտինի հետ, աշխարհը պետք է խոսի Պուտինի հետ, որովհետեւ այս պատերազմը կանգնեցնելու այլ միջոց չկա․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ չի հասկանում Կիեւի վերաբերյալ Մոսկվայի պահանջները։

«Մենք չենք հարձակվում Ռուսաստանի վրա, չենք պատրաստվում հարձակվել նրա վրա։ <...> մենք ՆԱՏՕ-ի կազմո՞ւմ ենք։ Ո՛չ։ Մենք ունե՞նք միջուկային զենք։ Ո՛չ։ Ի՞նչ պետք է ես ասեմ, ո՞ւմ ես պետք է ինչ-որ բան տամ»,- օտարերկրյա լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Զելենսկին՝ պատասխանելով հարցին՝ պատրա՞ստ է Կիեւը երաշխիքներ տալ։

Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել բոլոր հարցերը, այդ թվում Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների․

«Ես պատրաստ եմ քննարկել բոլոր հարցերը, ես դրանք խորապես հասկանում եմ․ Ուկրաինայի մասին, մեր լեզվի մասին, ռուսերենի հետ կապված խնդիրների մասին, Դոնբասի մասին, Դոնեցկի ու Լուգանսկի մասին»,- ասել է նա։

Պատասխանելով հարցին՝ ցանկանո՞ւմ է ինքն արդյոք խոսել Պուտինի հետ, Զելենսկին արձագանքել է, որ ինքը պետք է նրա հետ խոսի․

«Ես պետք է խոսեմ Պուտինի հետ, աշխարհը պետք է խոսի Պուտինի հետ, որովհետեւ այս պատերազմը կանգնեցնելու այլ միջոց չկա։ Հենց դրա համար էլ ես պարտավոր եմ», - նշել է նա։ 

Միաժամանակ, Զելենսկին Պուտինին խնդրել է դեմ առ դեմ հանդիպում անցկացնել․ «Նստիր ինձ հետ բանակցությունների սեղանի շուրջ։ Ես ազատ եմ։ <...> Ես չեմ կծում։ Ես նորմալ տղամարդ եմ, նստիր ինձ հետ, խոսիր։ Ինչի՞ց ես վախենում։ Մենք ոչ ոքի չենք սպառնում, մենք ահաբեկիչ չենք։ Մենք չենք գրավում բանկեր։ Եւ չենք գրավում ուրիշների հողերը»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։


Բանակցությունների մասին

Զելենսկիի խոսքերով՝ ՌԴ-ի հետ բանակցություններն իմաստ ունեն, բայց որոշ հարցերում փոխզիջումներ չեն կարող լինել․

«Յուրաքանչուր բանակցություն իմաստ ունի։ Ամեն բառ կրակոցից ավելի կարեւոր է։ Եթե հնարավոր է սկզբում ասել, հետո կրակել, արա այդպես»,- ասել է Զելենսկին՝ ի պատասխան հարցի՝  արժե՞ երկխոսություն վարել Մոսկվայի հետ։

Զելենսկին այդպիսի բանակցությունները դժվար է անվանել, հնարավոր է համարել շփման եզրեր գտնելը․

«Կան բաներ, որոնցում պետք է գտնլ ինչ-որ փոխզիջումներ, որպեսզի մարդիկ չզոհվեն։ Բայց կան բաներ, որոնցում փոխզիջումներ չկան։ Միեւնույն ժամանակ, չի կարելի վերցնել ու գնալ՝ ասելով՝ «Ձեր այդ երկիրը՝ Ուկրաինան, Ռուսաստանի մասն է»։ Դա անհնար է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել