5 օրում Լեզվի մասին օրենքի 3 խախտում Հանրայինի եթերում |fip.am|
21:03 - 04 մարտի, 2022

5 օրում Լեզվի մասին օրենքի 3 խախտում Հանրայինի եթերում |fip.am|

fip.am: Վերջին օրերին, կապված Ուկրաինայում Ռուսաստանի նախաձեռնած ռազմական գործողությունների հետ, Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման շրջանակներում հաղորդավարը հյուրընկալում է ռուսաստանցի քաղաքական գործիչների ու պաշտոնյաների և նրանց հետ խոսում ռուսերենով՝ առանց թարգմանության։

Պատերազմի սկզբից մինչ օրս Պետրոս Ղազարյանի հյուրերն են եղել ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով Եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Բոլոր զրուցակիցների դեպքում հարցազրուցավարը խոսում էր բացառապես ռուսերենով, և չնայած հաղորդումը հեռարձակվում էր Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերով՝ բացակայում էին համաժամանակյա թարգմանությունը կամ հայերեն ենթագրերը։ Դրանք բացակայում են նաեւ ավելի ուշ  Յութուբում տեղադրված հարցազրույցների տեսագրություններից։ 

Օրենքը պահանջում է 

ՀՀ «Լեզվի մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են հեռուստառադիոհաղորդումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը։

Իսկ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 6-րդ հոդվածով էլ սահմանված է, որ օտար լեզուներով հեռարձակվող տեսալսողական տեղեկատվությունը պետք է ուղեկցվի հայերեն ընկալման միջոցներով (կրկնօրինակումով, հնչյունավորումով և (կամ) ենթագրով):

Այսինքն, Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր էր հարցազրույցի ժամանակ ապահովել հայերեն թարգմանությունը, ինչը, ի հակառակ օրենքի պահանջի, չի արվել։ 

Նկատենք, որ Պետրոս Ղազարյանի հարցազրույցները, այդ թվում՝ խնդրո առարկա հաղորդումները, սովորաբար եթեր են դուրս գալիս տեսագրությամբ։ Անգամ ուղիղ հեռարձակման պարագայում գործում է օրենքի հիշյալ դրույթների պահանջը, առավել ևս՝ տեսագրված հաղորդման դեպքում։  

Թեև Հանրայինը բոլոր երեք հարցազրույցների սկզբում ենթագրերով տեղեկացնում էր, որ թարգմանությունը բացակայում է ժամանակի սղության պատճառով, այդուհանդերձ, օրենքը նման վերապահում չի սահմանում։

Լեզվի կոմիտեն փաստում է՝ խախտում կա

Պարզաբանում ստանալու համար կապ հաստատեցինք Լեզվի կոմիտեի հետ։ Կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը FIP.am-ի հետ զրույցում փաստեց, որ Հանրայինի եթերում առանց հայերեն թարգմանության ուղեկցության հաղորդման հեռարձակումն օրենքի խախտում է, սակայն նշեց, որ հարցը Կոմիտեի լիազորությունների շրջանակից դուրս է։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն էլ մեզ հայտնեց, որ Առաջին ալիքը ՀՌՀ-ին տեղեկացրել է, որ ժամանակի ու ռեսուրսների սղության պատճառով եթեր է հեռարձակվելու առանց հայերեն թարգմանության հեռուստահաղորդում։ Եվ քանի որ Հանձնաժողովը որևէ լծակ չունի Հանրայինի նկատմամբ վարույթ հարուցելու, իրազեկումն ընդունել է ի գիտություն։ 

Շարունակությունը՝ fip.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել