Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմի մի մասի դուրսբերման լուրը չի համապատասխանում իրականությանը. Արցախի ԱԽ
13:08 - 10 մարտի, 2022

Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմի մի մասի դուրսբերման լուրը չի համապատասխանում իրականությանը. Արցախի ԱԽ

Սադրանքների հետագա զարգացումները կասեցնելու նպատակով Արցախի ԱԽ գրասենյակը համագործակցում է ռուսական խաղաղապահ զորակազմի հետ․

«Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ակտիվ ագրեսիվ պահվածքը դրսևորվել է ԱՀ Պաշտպանության բանակի՝ տարբեր բնակավայրերին կից տեղակայված դիրքերի հրաձգային զինատեսակներով գնդակոծություններով։

Այդօրինակ զինված սադրանքներին արդեն ավելացել է նաև ականանետերի կիրառումը։

Շեշտում ենք, որ հրադադարի խախտման թշնամական գործողությունների թիրախ է ընտրված խաղաղ բնակչությունը՝ նպատակ ունենալով առաջացնել խուճապ։

Սադրանքների հետագա զարգացումները կասեցնելու նպատակով Անվտանգության խորհրդի գրասենյակը համագործակցում է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ։ Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցներ՝ հակառակորդին ստիպելու հավատարիմ մնալ կրակի դադարեցման պայմանավորվածություններին։

Միևնույն ժամանակ, ադրբեջանական տեղեկատվական հարթակներում տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն՝ Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմն իր ուժերի մի մասը դուրս է բերում Ուկրաինա տեղափոխելու նպատակով, չի համապատասխանում իրականությանը: Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմը շարունակում է իրականացնել իր առաքելությունը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների:

Հորդորում ենք բնակչությանը՝ զերծ մնալ խուճապային տրամադրություններից։ Իրավիճակը լիարժեք վերահսկվում է Արցախի Հանրապետության իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել