Ադրբեջանի Արտգործնախարարության ներկաայցուցիչ Լեյլա Աբդուլաևան անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով Ադրբեջանի ներկայացրած առաջարկներին։ Այդ առաջարկների թվում են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը և իրար նկատմամբ տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատումը։
«Անթալիայի դիվանագիտական ֆորումի ելույթի ժամանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը խոսել է հակամարտությանը հաջորդած շրջանում Ադրբեջանի խաղաղարար ջանքերի մասին։ Նշվել է, որ չնայած մեր կողմից Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին և այդ երկրի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին ամենաբարձր մակարդակի հայտարարություններին, Հայաստանի կողմից վերջին շրջանում որևէ արձագանք չի տրվել»։
Այնուհետև Աբդուլաևան կետերով ներկայացրել է Ադրբեջանի առաջարկը, որը Հայաստանին են փոխանցել միջնորդները։
Այդ կետերն են՝
- ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության նկատմամբ հարգանքի փոխադարձ ճանաչումը,
- միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում և հետագայում նման պահանջ չներկայացնելու իրավաբանորեն պարտադիր պարտավորությունների ընդունումը,
- իրենց միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը խաթարելուց, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության դեմ, ինչպես նաև ՄԱԿ կանոնադրության նպատակներին չհամապատասխանող ցանկացած այլ ձևով ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից կիրառումից զերծ մնալու պարտավորությունը,
- պետական սահմանի դեմարկացիան և դելիմիտացիան, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը,
- տրանսպորտային և այլ հաղորդակցությունների ապաշրջափակումը, անհրաժեշտության դեպքում այլ հաղորդակցությունների ստեղծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության հաստատումը։
«Վերոնշյալ սկզբունքների հիման վրա երկու երկրները կարող են կնքել երկկողմ խաղաղ համաձայնագիր՝ վարելով ինտենսիվ, առարկայական և արդյունքին միտված բանակցություններ»,- ամփոփել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։