Ուկրաինա կործանիչներ ուղարկելու հարցում Բայդենի դիրքորոշումն անփոփոխ է
11:22 - 17 մարտի, 2022

Ուկրաինա կործանիչներ ուղարկելու հարցում Բայդենի դիրքորոշումն անփոփոխ է

Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին, պատասխանելով հարցին, թե որքան շուտ Ուկրաինան կստանա ռազմական օգնության ցուցակը, որը ներկայացրել է Ջո Բայդենը, նշել է․ «Մենք վերջին երկու շաբաթվա ընթացքում արագացրել ենք մոտ 300 միլիոն դոլար արժողությամբ ռազմական և անվտանգային օգնությունը: Մենք առաջվա նման ռազմական օգնություն տրամադրելու խողովակներ ունենք։ Այսպիսով, կշարունակենք աշխատել այն արագ առաքելու ուղղությամբ: Անգամ վերջին օրերին են ռազմական առաքումներ եղել»։ Այս մասինմ հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։

Ճշտող հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ աջակցությունը կներառի Բայդենի նշած տարրերը, Փսակին պատասխանել է, թե իրենք շարունակում են դա անելու համար խողովակներ ունենալ։

Անդրադառնալով հարցին, թե որտեղ են Բայդենի նշած ՀՕՊ միջոցները և ինչ ժամկետներում դրանք Ուկրաինա կհասնեն, Փսակին ասել է, որ դա գաղտնի է, և ինքը չի կարող պատասխանել։

Հիշեցնենք՝ երեկ Ջո Բայդենը հայատարարել էր, որ Միացյալ Նահանգները լրացուցիչ 800 միլիոն դոլար ռազմական օգնություն կհատկացնի Ուկրաինային։

«Այս փաթեթը նախատեսում է աննախադեպ օգնություն՝ 800 հակաօդային պաշտպանության համակարգ, 9000 հակատանկային համակարգ, 7000 հրետանային զենք և 20 միլիոն փամփուշտ»,- նշել էր նա։

«Երբ մենք ասում ենք «Stinger» կամ «Javelins», խոսքը ապրանքանիշերի մասին է: Նմանատիպ աջակցության այլ տեսակներ էլ կան, որոնք տարբեր դաշնակիցներ ունեն ամբողջ աշխարհում»,- ասել է Պետքարտուղարության խոսնակը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք փոխվել է Բայդենի դիրքորոշումը Լեհաստանի հետ համագործակցությամբ Ուկրաինա «ՄիԳ» կործանիչներ ուղարկելու մասով, Փսակին նշել է, որ ԱՄՆ նախագահի դիրքորոշումն անփոփոխ է։

«Մեր զինվորականները գնահատականներ են տալիս, որոնց մի մասը հիմնված է այն բանի վրա, թե ինչ տեսակի տեխնիկան արդյունավետ կլինի այս պատերազմի ժամանակ: Հակատանկաին և հակաօդային պաշտպանության համակարգերն արդյունավետ պաշտպանում են երկիրը։ Հենց այդ լրացուցիչ օգնությունն էլ մենք ցուցաբերել ենք»,- ասել է նա։

Փսակիի խոսքով, առանց ԱՄՆ նախագահ Բայդենի, ամբողջ աշխարհում Ուկրաինային 30 երկիր անվտանգային և ռազմական օգնություն ցույց չէր տա, ՆԱՏՕ-ն չէր լինի այդքան միահամուռ, և այդպիսի միասնականություն չէր լինի պատժամիջոցների հարցում:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներն ավելի վաղ մերժել էր Լեհաստանի՝ «ՄիԳ-29» կործանիչները Գերմանիայում գտնվող ամերիկյան բազա տեղափոխելու առաջարկն՝ այն որակելով անսպասելի։ Լեհաստանն առաջաևկում էր այդ հրթիռներն ամերիկյան բազա տեղափոխել, որ հետո դրանք համալրեն Ուկրաինայի օդուժը։ 

 

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել