ԵԱՏՄ-ն քննարկում է ինտեգրման ապագան՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ սահմանված պատժամիջոցների ֆոնին․ «Կոմերսանտ»
16:59 - 18 մարտի, 2022

ԵԱՏՄ-ն քննարկում է ինտեգրման ապագան՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ սահմանված պատժամիջոցների ֆոնին․ «Կոմերսանտ»

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը, որը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կառավարող կառույցն է, երեկ և այսօր քննարկում է իր աշխատանքի հեռանկարները կտրուկ փոփոխված պայմաններում, երբ Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել ուկրաինական պատերազմի պատճառով։ Քննարկվող հարցերի մասին որոշակի մանրամասներ է հայտնել Կրեմլին մոտ կանգնած «Կոմերսանտ» թերթը:

Փակ ռեժիմով քննարկումը Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ հեշտ չի ընթանում և առայժմ ավարտվել է սաղմոնի մանրաձկան համար զրոյական տուրքի որոշման երկարաձգմամբ։ Արդեն պարզ է, սական, որ նրանք այնքան բարձր չեն գնահատում ԵԱՏՄ երկրների տարանցման աճող հնարավորությունները, որպեսզի նախապես փոխհատուցեն ինտեգրացիոն նոր ռիսկերն ու երկրորդային պատժամիջոցների ռիսկերը, իսկ ՌԴ և Բելառուսի արտահանման պատասխան սահմանափակումները մատակարարման խնդիրներ են առաջացում հենց միության ներսում, գրում է թերթը։

ԵՏՀ խորհուրդը, որի կազմում են ԵԱՏՄ երկրների պրոֆիլային փոխվարչապետները, և որը գլխավորում է ԵՏՀ ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը, մարտի 17-18-ին, ըստ հրապարակված օրակարգի, պետք է զբաղվեր առօրեական հարցերով, այդ թվում՝ միության երկրների աշխատակիցներին և նրանց ընտանիքներին տրամադրվելիք բուժօգնության նվազագույն երաշխիքների և տեխնիկական փաստաթղթերում կատարվելիք փոփոխությունների քննարկումով։

Սակայն, «Կոմերսանտի» տվյալներով, ողջ քննարկումն ընթանում է պատժամիջոցների հետ կապված նոր թեմաների շուրջ, որոնք Ռուսաստանի և Բելառուսի դեմ սահմանել է աշխարհի զարգացած երկրների մեծ մասը՝ Ուկրաինա ներխուժման պատճառով։

Ինչպես պատմել են թերթի աղբյուրները, ԵՏՀ խորհրդի նիստի մեծ մասն անցկացվել է նեղ կազմով (միայն ԵՏՀ ղեկավարն ու ՌԴ, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի վարչապետները) այն պատճառով, որ թեման զգայուն է միության բոլոր անդամ երկրների տնտեսությունների համար։

Ռուսական կողմից խորհրդի նիստին մասնակցում է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նիստից առաջ նա առանձին հանդիպում է ունեցել Ղազախստանի՝ արդյունաբերական և առևտրային գծով փոխվարչապետ Բախիթ Սուլթանովի հետ։ Քննարկվել է «եվրասիական տարածքում կոոպերատիվ արտադրական շղթաների կարգավորման» և 2021-2025 թ-ի Տնտեսական համագործակցության համալիր ծրագրի իրականացման միջոցառումների պլանի կատարումը։ Այս ծրագիրը ենթադրում է սահմանային անցակետերի և տրանսպորտային մատակարարումների ընդլայնում (Ղազախստանը ԵԱՏՄ-ում Ռուսաստանի առավել հեռանկարային գործընկերն է Չինաստանից, պատժամիջոցների շրջանցմամբ, արդյունաբերական արտադրանքի և էլեկտրոնիայի մատակարարումների կազմակերպման հարցում)։ Քննարկվել է նաև «հակազդումը կասկածելի ֆինանսական գործարքներին»։

Ինչպես պատմել են «Կոմերսանտի» զրուցակիցները, որոնք տեղյակ են ԵՏՀ-ում երեկվա քննարկումների բովանդակությունից, խորհրդի աշխատանքը սկսվել է լարված մթնոլորտում՝ ԵԱՏՄ անդամներից երկուսի դեմ կոշտ պատժամիջոցների պայմաններում կառույցի ինտեգրացիոն աշխատանքում կտրուկ աճած հակասությունների  ֆոնին․ Ռուսաստանի ու Բելառուսի տնտեսական կայունությունը կախված է, այդ թվում, ԵԱՏՄ մնացած պետությունների «հակապատժամիջոցային» աջակցությունից։

Միության անդամ երկրները մեծապես շահագրգռված են իրենց երկրների վրա պատժամիջոցների չտարածման հարցում, սակայն կապված են իրավաբանորեն պարտավորեցնող միջպետական և միջկառավարական համաձայնագրերով։

Թերթը հիշեցնում է, որ վերջին տարիներին ԵԱՏՄ-ն մշակել է միասնական միությանն ազգային շուկաների ինտեգրման ծրագրերի մեծ շարք։ Դրանք վերաբերում են վառելիքաէներգետիկ համալիրին, առևտրին, ֆինանսներին, աշխատաշուկային, շինարարությանը և այլն։ Ենթադրվում էր, որ մասնակիորեն դա այլընտրանք կլինի ՌԴ և Եվրամիության շուկաների մերձեցմանը, որը կասեցվել է 2014 թ-ին Ռուսաստանի՝ Ղրիմի բռնակցումից հետո։ Սակայն ներկայիս պայմաններում ԵԱՏՄ շուկաների ինտեգրումը որոշակի ռիսկեր է կրում անդամ երկրների ազգային տնտեսությունների համար։

Որպես երեկվա քննարկումների «արտակարգ» թեմա՝ «Կոմերսանտի» զրուցակիցները նշել են, մասնավորապես, դոլարային հաշվարկներից և հավաքագրված տուրքերը դոլարի վերածելուց զերծ մնալու անհրաժեշտությունը (ԵԱՏՄ-ն միասնական մաքսային սահման ունի) և միության ներսում այդ միջոցների բաշխումը։

Այս երկու հարցերն, ըստ էության, միավորում է փոխարժեքի խնդիրը։ Քանի որ ռուբլին մասնակիորեն զրկվել է ազատ փոխանակման հնարավորությունից, պետք է որոշել, թե ոչ շուկայական որ փոխարժեքն է կիրառվելու հավաքագրված տուրքերի ողջ ծավալը ռուբլու վերածելու դեպքում, գրում է հոդվածագիրը։

Եվս մեկ խնդիր է այն, որ ԵԱՏՄ երկրների ազգային արժույթներով հավաքագրված տուրքերի «զամբյուղը» չի համապատասխանում միության արժութային շուկայի կառուցվածքին։ Քննարկվել է նաև անդամ պետությունների արձագանքը ՌԴ և Բելառուսի հակապատժամիջոցային արտակարգ միջոցներին, որոք սահմանափակում են առանձին տեխնոլոգիական և հումքային ապրանքների արտահանումը։ Դրանց զգալի մասի մատակարարումները ծայրահեղ կարևոր են ԵԱՏՄ գործընկերների համար և կարող են պատասխան սահմանափակումներ առաջացնել։

Ալեքսեյ Օվերչուկի աշխատակազմը երեկ չի մեկնաբանել ԵՏՀ խորհրդի նիստի ընթացքը․ հավանաբար, այս մասշտաբի խնդիրների արագ լուծում լինել չի կարող։ Հաշվի առնելով ինտեգրման մասշտաբները, ԵԱՏՄ-ն պատժամիջոցներից առաջ էլ էր դանդաղ գալիս ֆորմալ փաստաթղթերի ստորագրման։

Նկարագրված օրակարգի արդիականության հաստատումը կարող է լինել ԵՏՀ որոշման նախագծի՝ «Ինտերֆաքս» գործակալության երեկ հայտնաբերած հրապարակումը, որում խոսվում է ԵԱՏՄ երկրների միջև ներկրման մաքսատուրքերի հաշվարկման և բաշխման կարգի վերանայման մասին։ Դրանում արձանագրված է հրաժարումն ԱՄՆ դոլարի օգտագործումից՝ որպես արտաքին առևտրային ցուցանիշների արտահայտման ունիվերսալ արժույթ։ Սակայն հաշվարկների նոր մոդելի մասին տեղեկություններ չկան։

ԵԱՏՄ-ում հաշվարկների կարգի վերանայման շուրջ քննարկումների փաստն ավելի վաղ հաստատել էին նաև Ղազախստանի փոխվարչապետ Բախիթ Սուլթանովը և Բելառուսի ֆինանսների նախարար Յուրի Սելիվերստովը, որն ընդգծել էր, որ դոլարից «պետք է հրաժարվել», և «հաշվի առնելով ի հայտ եկող սահմանափակումները, դա պետք է անել շատ արագ»։

Արդյունքում՝ միակ «հակապատժամիջոցային» համաձայնեցված որոշումը, որը երեկ հրապարակվել է խորհրդի նիստից հետո, եղել է սաղմոնի և իշխանի մանրաձկան համար զրոյական տուրքերի մասին որոշման երկարաձգումը մինչև 2025 թ-ը՝ «միության ներքին շուկայի զարգացման համար»։ Կարմիր ձկան խնդիրներից զատ՝ այլ հարցերի լուծման մասին, եթե այդպիսիք եղել են, ԵՏՀ-ն չի հայտարարել, եզրափակում է թերթի հոդվածագիրը։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել