Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը
19:43 - 23 մարտի, 2022

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը մարտի 23-ին ընդունել է պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով  հայաստանյան գործընկերներին՝ ԱԺ նախագահը  նախ՝ անդրադարձ է կատարել  2020թ․ Աշնանային պատերազմին և հետպատերազմյան իրողություններին, ապա՝ խոսել ռուս- ուկրաինական պատերազմի զարգացումների, տարածաշրջանային ներկա  իրավիճակի և նոր մարտահրավերների մասին։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Հանդիպման ընթացքում  Արթուր Թովմասյանը խոսել է Արցախում գազատարի հետ կապված խնդիրների, Արցախի ճակատագրին առնչվող այլ հարցերի շուրջ։

Խորհրդարանի ղեկավարն  ընդգծել է համազգային օրակարգ  ունենալու անհրաժեշտությունը և շեշտել լինել միասնական՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից, համախմբել ուժերը՝ ի նպաստ հայկական երկու հանրապետությունների։

Թագուհի Թովմասյանը  տեղեկացրել է, որ փաստահավաք  առաքելության նպատակով են այժմ Արցախում, որպեսզի տեղում ծանոթանան Արցախում ստեղծված հումանիտար  ճգնաժամին։ Միաժամանակ ներկայացրել  է  իր ղեկավարած հանձնաժողովի կատարած աշխատանքը՝ հատկապես Արցախի խնդիրների վերհանման ուղղությամբ, մատնանշել  հանձնաժողովի  հանրային և հրապարակային գործունեությունը։

Հանդիպումն այնուհետև շարունակվել է  ԱԺ «Արդարություն»  խմբակցության պատգամավորների հետ։

Խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին՝ այս օրերին Արցախում գտնվելու և Արցախի խնդիրներով մտահոգվելու համար։

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Թագուհի Թովմասյանն էլ իր հերթին  ընդգծել է հանձնաժողովի շրջանակներում իրականացվող հումանիտար խնդիրները միջազգային հարթակներում բարձրաձայնելու գործունեությունը։

Երկուստեք կարևորվել է այս բարդ իրավիճակում միասնական գործելու գաղափարը՝ անկախ քաղաքական տարաձայնություններից։

Հանդիպմանը քննարկվել են  անվտանգային հարցերին, աշխարհաքաղաքական նոր ազդակներին, հայկական զույգ հանրապետությունների խորհրդարանների փոխգործակցությանը վերաբերող հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել