Խրամորթից ու Փառուխից տարհանվել է շուրջ 200 երեխա, կին և տարեց. աշխատանքներ են տարվում երեխաների կրթության կազմակերպման ուղղությամբ. Արտակ Բեգլարյան
14:56 - 29 մարտի, 2022

Խրամորթից ու Փառուխից տարհանվել է շուրջ 200 երեխա, կին և տարեց. աշխատանքներ են տարվում երեխաների կրթության կազմակերպման ուղղությամբ. Արտակ Բեգլարյան

Քանի որ հաճախակի են հարցումներով դիմում կատարվող աշխատանքների մասին, հայտնեմ, որ այս օրերին տարբեր պետական մարմիններ իրենց աշխատանքն են կատարում իրավիճակից բխող հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ: Ես քանիցս այցելել եմ Խրամորթ համայնք, կապ եմ պահում շրջվարչակազմերի ղեկավարների ու լիազոր նախարարների հետ, տալիս համապատասխան հանձնարարականներ: Այս մասին հայտնում է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Նախ, Խրամորթի ու Փառուխի բնակիչների (շուրջ 200 երեխա, կին ու տարեց) տարհանման կազմակերպումից հետո հանձնարարել եմ սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարությանը արագորեն գնահատել տարհանված ընտանիքների կարիքները և ցուցաբերել առաջին անհրաժեշտության աջակցություն: Արդեն սննդամթերքի տեսքով որոշակի ծավալի աջակցություն տրվել է և առաջիկայում աջակցության լրացուցիչ միջոցներ ևս կկիրառենք: Կառավարության հետ համագործակցությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ևս ցուցաբերում է աջակցություն, այդ թվում՝ ֆինանսական բնույթի, և, ըստ կարիքի, կառավարությունը նույնպես կտրամադրի ֆինանսական օգնություն տարհանված անձանց՝ հաղթահարելու իրենց սուր հիմնախնդիրները:

Հանձնարարված է լիազոր մարմիններին կարիքների գնահատման արդյունքների հիման վրա ապահովել Խրամորթից ու Փառուխից տարհանված կարիքավոր ընտանիքներին ժամանակավոր կացարաններով՝ մինչև իրավիճակի կարգավորումը և նրանց վերադարձը հայրենի տներ: Աշխատանքներ են տարվում նաև տարհանված երեխաների կրթության պատշաճ կազմակերպման ուղղությամբ:

Գյուղատնտեսության նախարարությունը միջոցներ է ձեռնարկում կենդանիների պաշտպանության ու անասնակերի ապահովման ուղղությամբ:

Մի շարք աշխատանքներ են կատարվել ու կատարվում նաև այլ ուղղություններով, այդ թվում՝ Հայրենիքի պաշտպանության գործին աջակցելու առումով, որոնց մասին լիազոր մարմինները առանձին հրապարակումներով հանդես կգան»,- հայտնում է Բեգլարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել