Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ Անվտանգության խորհրդի տարածած հայտարարությանը
15:49 - 29 մարտի, 2022

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ Անվտանգության խորհրդի տարածած հայտարարությանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ մարտի 28-ին ՀՀ Անվտանգության խորհրդի տարածած հայտարարության վերաբերյալ։ 

Մասնավորապես, նշվում է, որ «տարածաշրջանում լարվածության աճի անմիջական պատճառը Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարումն է»։ 

Անվտանգության Խորհրդի հայտարարության մեջ ընդգծվում էր միջազգային զսպման մեխանիզմների գործարկման կարևորությունը, որի առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն «Հայաստանի ղեկավարության ուշադրությունը հրավիրում է նրա վրա, որ մարդկությունը դեռ չի գտել միջազգային զսպման ավելի լավ մեխանիզմ, քան միջազգային իրավունքն է»։

«Հայաստանի նման պետությունը մի կողմից կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, մյուս կողմից՝ չպիտի խոսի միջազգային զսպման մեխանիզմի մասին։ Եթե ​​Հայաստանի Անվտանգության խորհրդի անդամները դեռ չգիտեն, թե որն է միջազգային զսպման լավագույն միջոցը, ապա մենք ևս մեկ անգամ կրկնում ենք միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները՝ ներառյալ պետությունների ինքնիշխանության և միջազգային սահմանների հարգումը, ներքին գործերին չմիջամտելը, միջազգային պարտավորությունների կատարումը»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Անվտագության խորհուրդը նաև վերահաստատել էր Հայաստանի Հանրապետության ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը և Ադրբեջանական Հանրապետությանն առաջարկել անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ: Այս առումով ադրբեջանական գերատեսչությունը նշել է, որ «ադրբեջանական կողմը մեկ տարի առաջ առաջարկել էր Հայաստանի հետ ամենաբարձր մակարդակով խաղաղության պայմանագիր կնքել, իսկ մեկ ամիս առաջ բարձրաձայնել էր կոնկրետ սկզբունքներ, որոնց վրա պետք է հիմնված լինի պայմանագիրը»։ 

«Եթե ​​հայկական կողմը խաղաղության պայմանագրի հարցը համարում է լուրջ քայլ, այլ ոչ թե հերթական հանրային տեղեկատվական արշավը, ապա ժամանակն է անցնել կոնկրետ քայլերի։ Եվս մեկ անգամ ուզում ենք նշել, որ Ադրբեջանն իր հերթին պատրաստ է դրան»,- ընդգծվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել