Արցախի պետական նախարարը խորհրդակցություն է հրավիրել քաղպաշտպանության աշխատանքների համակարգման շուրջ
18:56 - 29 մարտի, 2022

Արցախի պետական նախարարը խորհրդակցություն է հրավիրել քաղպաշտպանության աշխատանքների համակարգման շուրջ

Արցախի Հանրապետության պետական նախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Արտակ Բեգլարյանը մարտի 29-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քաղպաշտպանության բոլոր ծառայությունների ղեկավարների ընդգրկմամբ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմից։

Պետական նախարարը, նախ, անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից վերջին օրերին Փառուխ գյուղ ներխուժմանն ու մոտակա բնակավայրերի ուղղությամբ սադրանքներին, տեղում իրականացված քաղաքացիական պաշտպանության միջոցառումները գնահատել է բավարար: Արտակ Բեգլարյանը նշել է, որ Փառուխ և Խրամորթ բնակավայրերի բնակչության տարհանումից հետո սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարությանը հրահանգել է գնահատել տարհանված ընտանիքների կարիքները և ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:

«Անդրադարձ  է կատարվել նաև այս օրերին տարբեր պետական մարմինների աշխատանքներին՝ իրավիճակից բխող հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ:

Պետական նախարարը նշել է, որ քաղաքացիական պաշտպանության առումով վերջին ամիսների լրացուցիչ քննարկումների ու մշակումների արդյունքում մի շարք ուղղություններ են նախանշված և աշխատանքների զգալի մասն արդեն հաջողությամբ իրագործվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Զեկույցներով հանդես են եկել համապատասխան ծառայությունների ղեկավարները: Քննարկվել են քաղպաշտպանության պլանով նախատեսված կարճաժամկետ և երկարաժամկետ անելիքները:  Արտակ Բեգլարյանը մի շարք հանձնարարականներ է տվել իրավիճակից բխող հրատապ խնդիրների լուծման, ինչպես նաև ավելի երկարաժամկետ ու համակարգային աշխատանքների իրականացման ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել