BBC-ի պնդումը՝ ՌԴ կողմից Հայաստանի տարածքով սիրիացի վարձկաններ տեղափոխելու մասին, հիմնավորված չէ
16:51 - 31 մարտի, 2022

BBC-ի պնդումը՝ ՌԴ կողմից Հայաստանի տարածքով սիրիացի վարձկաններ տեղափոխելու մասին, հիմնավորված չէ

Sahakyan Anna

BBC-ն երեկ տեսանյութ էր հրապարակել այն մասին, որ Սիրիայից վարձկաններ են մեկնում Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ պատերազմում կռվելու համար։

Տեսանյութում BBC-ի զրուցակից սիրիացին պատմում է, թե ինչպես են մարդկանց հավաքագրում ու տանում, սակայն կոնկրետ ոչինչ չի նշում այն երթուղու մասին, որով զինյալները Սիրիայից հասնում են Ռուսաստան։

BBC-ի տեսանյութում նշվում է, որ թուրքական մամուլում ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերին տեղեկություններ էին տարածվել, թե Սիրիայից վարձկաններ են ժամանել Հայաստան, այստեղից էլ մեկնել Ռուսաստան։ Որպես թուրքական մամուլի պնդումները հաստատող փաստ BBC-ին հայտնում է, որ գտել է ռուսական RA-85041 ինքնաթիռը, որը «ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից մի քանի օր անց սիրիական Լաթաքիայից թռել է Երևանի «Էրեբունի» օդանավակայան, այնուհետև՝ ռուսական Մոզդոկ»։ Բրիտանական լրատվամիջոցը նաև ներկայացնում է օդանավի հետագիծը։

BBC-ի նշած RA-85041 ինթնաթիռը, որը պատկանում է Ոուսաստանի ռազմաօդային ուժերին, ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո իրոք ժամանել է Հայաստան, ապա մեկնել Ռուսաստան։ 


Տեղեկությունները՝ «Flightradar24»-ից

Ինքնաթիռների թռիչքներին հետևող «Flightradar24» հարթակում երևում է, որ փետրվարի 27-ին՝ 07։59-ին, RA-85041-ը մեկնել է Լաթաքիայից և 11։48-ին վայրէջք կատարել Հայաստանում։  Չնայած «Flightradar24»-ում նշված է, որ ինքնաքիթռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում, սակայն քարտեզի վրա երևում է, որ վայրէջքը փաստացի կատարվել է «Էրեբունի» ռազմական օդանավակայանում։

Լուսանկարում կարմիրով նշված է «Զվարթնոցը», դեղինով՝ «Էրեբունին» 

Իսկ flightaware.com կայքում նշված է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել հենց «Էրեբունիում»։

Այնուհետև ինքնաթիռը 15։53-ին Հայաստանից մեկնել է Ռուսաստան։ 

Լուսանկարում Հայաստանից Ռուսաստան թռիչքն է

Նույն օրը ինքնաթիռը վերադարձել է Լաթաքիա, սակայն ոչ Հայաստանի օդային տարածքով։ Փետրվարի 28-ին՝ 13։00-ին, այն կրկին Լաթաքիայից թռել է Հայաստան և «Էրեբունիում» վայրէջք կատարել 16։20-ին։

Նույն օրը ինքնաթիռը Հայաստանից մեկնել է ռուսական «Պրիվոլժսկի» օդանավակայան։

Այնտեղից էլ RA-85041 ինթնաթիռը մեկնել է Չկալովսկի օդանավակայան։

Սակայն այն, որ Սիրիայից ինքնաթիռ է ժամանել Հայաստան, այստեղից էլ մեկնել Ռուսաստան, դեռևս հիմք չէ պնդելու համար, որ այդ ինքնաթիռով տեղափոխվել են սիրիացի վարձկաններ։ Եթե ՌԴ-ն ցանկանար վարձկաններ տեղափոխել Սիրիայից, պարտադիր չէր նախ վայրէջք կատարել Հայաստանում, հետո միայն մեկնել Ռուսաստան։

«Flightradar24»-ից տեղեկանում ենք, որ և՛ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից առաջ, և՛ հետո Սիրիայից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ այս ինքնաթիռով ուղիղ թռիչքներ են եղել։ Հունվարի 30-ին, օրինակ, Լաթաքիայից ուղիղ թռիչք է եղել Դեպի Մոսկվա։ Այդպիսի թռիչք է եղել նաև փետրվարի 18-ին։

Պատերազմի մեկնարկից հետո՝  մարտի 19-ին, այս ինքնաթիռով Դամասկոս-Մոսկվա ուղիղ թռիչք է եղել, մարտի 25-ին էլ՝ Լաթաքիա-Մոսկվա։

Ինչպես տեսնում ենք, Լաթաքիայից կամ Սիրիայի այլ հատվածից վարձկաններ տեղափոխելու համար պարտադիր չէ դա անել Հայաստանի տարածքով։ Իսկ այն, որ ռուսական RA-85041 ինքնաթիռը Սիրիայից ժամանաել է հայկական «Էրեբունի» օդանավակայան, այնտեղից էլ մեկնել ՌԴ, ոչ մի կերպ չի ապացուցում այդ ինքնաթիռով վարձկաններ տեղափոխելու փաստը։

Բացի այդ՝ հայկական կողմը պաշտոնապես հերքել է այս տեղեկությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ընթացքում հայտնեց․  «Իբրև ճշմարտություն է հրամցվում նաև այն կեղծ լուրը, թե Հայաստանի տարածքով վարձկան-ահաբեկիչներ են տեղափոխվում Ուկրաինա։ Ցանկացած քիչ թե շատ տեղյակ մարդ գիտի, որ Հայաստանը, որը երկու տարի առաջ ինքն է տուժել պատերազմում իր դեմ վարձկան ահաբեկիչների ներգրավումից, երբեք չի կարող նպաստել այլ վայրերում նրանց ներգրավմանը, և սա կատարելապես անհեթեթ տեղեկատվություն է»։

Իսկ BBC-ի նշած թուրքական աղբյուրը «Haber Global»-ն է, որը պնդում է, թե Մերձավոր Արևելքից Հայաստանի տարածքով ռուսական Մոզդոկ վարձկաններ են տեղափոխվել՝ ոչ մի կերպ չհիմնավորելով իր պնդումները։ Հենց նույն լրատվամիջոցն էր տեղեկություններ տարածել, որ Հայաստանը ՍՈՒ-30-ներ է տրամադրել Ռուսաստանին, սակայն ՀՀ ՊՆ-ն, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանը հերքել են այդ տեղեկությունները։

Այսպիսով, BBC-ն որպես թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների հիմնավորում է ներկայացնում այն, որ ռուսական RA-85041 ինքնաթիռը Սիրիայից ժամանել է Հայաստանի «Էրեբունի» օդանավակայան ու մեկնել Ռուսաստան։ Սակայն լրատվամիջոցն այլ փաստեր չի ներկայացնում, իսկ ինքնաթիռի ժամանմանման ու մեկնման փաստը ոչ մի կերպ չի ապացուցում, որ դրանով սիրիացի վարձկաններ են տեղափոխվել։

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել