Գագիկ Ջհանգիրյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում |pastinfo.am|
17:26 - 02 ապրիլի, 2022

Գագիկ Ջհանգիրյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, որն այժմ ԲԴԽ նախագահի պաշտոնում է, հարցաքննվել է ԱԱԾ-ում՝ շուրջ 22 տարի առաջ սպանված զինծառայողի գործով։ Այս մասին հայտնեց զինծառայող Արման Հակոբյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը։

Սպանված զինծառայող Արման Հակոբյանի իրավահաջորդի ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել ԱԱԾ քննիչին՝ պահանջելով հարցաքննել 2001թ. գործը կասեցնելու ապօրինի որոշման օրինականությունը ստուգած զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանին։ Քննիչը մերժել էր միջնորդությունը, սակայն տուժող կողմը բողոքարկել էր որոշումը, ինչի արդյունքում այն վերացվել է դատախազի կողմից։

Հայարփի Սարգսյանը տեղեկացրեց, որ Ջհանգիրյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում՝ մարտի 31֊ին։

«Հարցաքննվել է, ըստ էության, ներկայացված միջնորդությանս հիման վրա, որը քննիչը մերժել էր, իսկ դատախազը գտել էր, որ այն հիմնավոր է և բավարարել բողոքս։ Ներկայումս չեմ հրապարակի նշված ցուցմունքը, այդ մասին մանրամասն կներկայացնեմ քննիչի և դատախազի որոշումները ստանալուց հետո։ Սպասում եմ հատկապես գործը վերահսկող դատախազի դիրքորոշմանը, քանի որ ակնհայտ է, որ գործով մեղավոր անձինք չեն պատժվել, իսկ եղած ապացույցներով մեղադրանքներ ներկայացվել են 2008թ. միայն գործով վարույթը 2001թ. կասեցնելուց յոթ տարի անց», - նշեց Սարգսյանը։

Զինծառայող Արման Հակոբյանի սպանությունը տեղի է ունեցել 2000թ սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը, ժամը 03.45-ի սահմաններում. ՀՀ ՊՆ N զորամասի 5-րդ գումարտակի հսկիչ-անցագրային կետում ժամապահ Արման Վարդանի Հակոբյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ նախկինում գործող քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածով՝ սպանության հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում հանցանք կատարած անձանց չհայտնաբերելու պատճառաբանությամբ 2001թ քննիչի կողմից որոշում է կայացվել՝ գործի վարույթը կասեցնելու մասին, իսկ 2008թ նոյեմբերի 11-ին քրեական գործի վարույթը վերսկսվել է և արդեն այդ վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Հակոբյանի համածառայակցին, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցնելու պատճառաբանությամբ։

Տուժողի իրավահաջորդը դեռևս տարիներ առաջ ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնող Կարեն Անդրեասյանին հասցեագրված դիմումով բարձրաձայնել է իր վարկածը, համաձայն որի՝ որդու սպանությունը կատարվել է զորամասում կորած զենքի վերաբերյալ Ա. Հակոբյանի կողմից սպաներին տեղյակ պահելու պատճառով։

Շարունակությունը՝ pastinfo.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել