Արևմուտքի կողմից Ռուսաստանին հայտարարված տնտեսական պատերազմը նաև նոր հնարավորություններ է ստեղծում. ՌԴ դեսպան Կոպիրկին

 |armenpress.am|
16:42 - 06 ապրիլի, 2022

Արևմուտքի կողմից Ռուսաստանին հայտարարված տնտեսական պատերազմը նաև նոր հնարավորություններ է ստեղծում. ՌԴ դեսպան Կոպիրկին |armenpress.am|

armenpress.am: Հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական պատերազմի սանձազերծման հետևանքով ստեղծված իրավիճակը, իր բոլոր դժվարություններով հանդերձ, նաև նոր հնարավորություններ է ստեղծում եվրասիական ինտեգրման մասնակից պետությունների համար, այդ մասին «ԵԱՏՄ հնարավորությունները և հեռանկարները հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանին տնտեսական պատերազմ հայտարարելուց հետո» թեմայով կլոր սեղան-քննարկման շրջանակում հայտնեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանը միշտ դեմ է հանդես եկել և այժմ էլ դեմ է աշխարհում որևէ պետության կամ դաշինքի հեգեմոնիային՝ գերիշխանությանը, սակայն արևմտյան գործընկերները, ի հեճուկս Մոսկվայի բռնած դիրքի, այդպիսի քաղաքական գիծ են այսօր որդեգրել, և արդյունքում ձևավորվել է ներկա իրավիճակը:

«Ոչ միայն տնտեսական, այլև ընդհանուր քաղաքական պատերազմը, որը սանձազերծել է հավաքական Արևմուտքը Ռուսաստանի դեմ, աշխարհում վաղուց հասունացած և գլոբալիզացիայի ու դոլարի գերիշխանության ամերիկյան մոդելին հակընդդեմ գնացող այն փոփոխությունների կատալիզատորն է, որոնք ստեղծում են վաղուց հասունացած նախադրյալներ շատ լուրջ փոփոխությունների համար աշխարհի քաղաքական և տնտեսական ճարտարապետության մեջ: Եվ այս առնչությամբ կուզեի ասել, որ այս ամենը, Ռուսաստանի և մեր գործընկերների համար առաջացած շատ մեծ դժվարություններով հանդերձ, նաև ստեղծում է նոր հնարավորություններ», - նշեց Ռուսաստանի դեսպանը:

Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ իր դեմ սահմանված պատժամիջոցները լուրջ հարված են հասցնելու նաև եվրասիական տարածության դաշնակից պետություններին, և Ռուսաստանի մեկուսացման քաղաքականությունը իրականացվելու է նաև Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների նկատմամբ: Բայց Ռուսաստանը հույս ունի, որ եվրասիական գործընկերների շահերի ընդհանրությունը, նրանց տնտեսական փոխկապակցվածությունը կթելադրեն այն ըմբռնումը, որ անհրաժեշտ է միասին մնալ և միասին զարգանալ: «Մենք ելնում ենք այն համոզմունքից, որ կկարողանանք համատեղ ջանքերով հաղթահարել ներկայիս դժվարությունները և նույնիսկ ավելի ուժեղանալ», - ընդգծեց դեսպանը:

Կոպիրկինը այս համատեքստում շատ խորհրդանշական է համարում այն փաստը, որ Եվրասիական տնտեսական միության հիմնադրումը և գործարկումը, ըստ էության, համընկել է Ռուսաստանի դեմ արևմտյան առաջին պատժամիջոցների կիրառման հետ 2014 թվականին: Ավելի ուշ սկսվեց կորոնավիրուսի համավարակը իր բոլոր տնտեսական և այլ բնույթի բացասական ազդեցություններով, բայց չնայած բոլոր այն դժվարություններին, որոնց առերեսվեց ամբողջ աշխարհը, ասում է դեսպան Կոպիրկինը, ԵԱՏՄ-ն շարունակել է զարգանալ և ցույց է տվել միության արդյունավետությունը, նրա պահանջված լինելը և ցույց է տվել տնտեսական աճի ցուցանիշներ:

«Ներկայիս պատժամիջոցներն, իհարկե, իրենց ծավալներով աննախադեպ են, բայց դա միաժամանակ նաև լավ խթան է առաջ շարժվելու, այդ թվում՝ սեփական արտադրանքը ավելացնելու համար: Ես նաև կարծում եմ, որ ներկա իրավիճակը պետք է խթանի մեզ արագացնելու Եվրասիական տնտեսական միության սերտաճումը Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ եվրասիական մեծ գործընկերության ոգով, ինչի մասին խոսել է նախագահ Վլադիմիր Պուտինը», - ասում է Ռուսաստանի դեսպանը:

Ըստ ռուս դիվանագետի՝ այդ երկու խոշոր նախագծերի միջև ինտեգրացիոն փոխգործակցության կարևոր ուղղություններից պետք է լինեն անդամ պետությունների ազգային արժույթների գործածման ընդլայնումը, ներմուծվող ապրանքների փոխարինումը տեղական արտադրանքով, այդ թվում այն մասնաճյուղերում, որտեղ նկատվում է գիտատեխնիկական առաջընթաց:

«Այդ առումով հատուկ արդիականություն է ստանում արդյունաբերական փոխգործակցությունը մեր պետությունների միջև: Ինչպես փորձագետներն են կարծում՝ այս հարցում անհրաժեշտ է մակրոտնտեսական կարգավորումների կիրառումը կառավարությունների կողմից, ինչը թույլ կտա օպերատիվորեն արձագանքել ի հայտ եկող մարտահրավերներին և սպառնալիքներին», - հավելեց Սերգեյ Կոպիրկինը:

«ԵԱՏՄ հնարավորությունները և հեռանկարները հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանին տնտեսական պատերազմ հայտարարելուց հետո» թեմայով կլոր սեղանը կազմակերպել էին «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը և Եվրասիական փորձագիտական ակումբը: Քննարկմանը մասնակցում էին եվրասիական այլ գործընկեր պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ԵԱՏՄ կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, հայաստանցի և ռուսաստանցի հեղինակավոր փորձագետներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել