Ղրղզ-տաջիկական սահմանին փոխհրաձգության հետեւանքով երկու քաղաքացի է վիրավորվել |armenpress.am|
12:59 - 13 ապրիլի, 2022

Ղրղզ-տաջիկական սահմանին փոխհրաձգության հետեւանքով երկու քաղաքացի է վիրավորվել |armenpress.am|

armenpress.am: Երկու քաղաքացի է տուժել ղրղզ-տաջիկական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով: Այդ մասին ապրիլի 13-ին «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել են Ղրղզստանի առողջապահության նախարարությունում:

Բժիշկների տվյալներով՝ տուժածներից մեկը գտնվում է ստացիոնարում, վիճակը միջին ծանրության է: Երկրորդ տուժածն առաջնային բժշկական օգնություն ստանալուց հետո բավարար վիճակում ուղարկվել է ամբուլատոր բուժման:

Ապրիլի 12-ի երեկոյան Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը հաղորդել էր ղրղզա-տաջիկական պետական սահմանին տեղի ունեցած երկու փոխհրաձգության մասին:

Նախնական տվյալներով՝ առաջին բախման ընթացքում Տաջիկստանի մեկ զինծառայող ստացել է հրաձգային վիրավորում: Կրկնական փոխհրաձգության ժամանակ Ղրղզստանի զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը գնահատվում է որպես ծանր:

Բացի այդ, հաղորդվել է ղրղզական գյուղից ականանետից գնդակոծության մասին: Ավելի ուշ Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը հաղորդել է այն մասին, որ բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են լրացուցիչ ուժերի ու միջոցների՝ ղրղզ-տաջիկական սահմանի զինված միջադեպի վայրից մշտական տեղաբաշխման վայրեր հետքաշելու շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել