ՀՀ վարչապետի ելույթում Ադրբեջանի կազմում կամ կազմից դուրս լինելու մասին որևէ ձևակերպում չի եղել. Էդուարդ Աղաջանյան |armenpress.am|
12:03 - 15 ապրիլի, 2022

ՀՀ վարչապետի ելույթում Ադրբեջանի կազմում կամ կազմից դուրս լինելու մասին որևէ ձևակերպում չի եղել. Էդուարդ Աղաջանյան |armenpress.am|

armenpress.am: Արցախի հարցի որևէ լուծում, որի հետևանքով Արցախը պետք է հայաթափվի, չի կարող ընդունելի լինել Հայաստանի Հանրապետության համար: Այս մասին վստահեցրեց ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը խորհրդարանական ճեպազրույցում:

Պատգամավորը, նախ անդրադառնալով Արցախի ԱԺ-ի նախորդ օրն արած հայտարարությանը, վստահեցրեց. «Արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա և չի կարող լինել: Եվ բնական է, որ այս գործընթացի կարևորագույն շահառուն հենց Արցախի ժողովուրդն է»:

Հայտարարության առնչությամբ պատգամավորը նշում է՝ կարող է ընդամենը ենթադրել, որ Արցախի գործընկերները լավ չեն հասկացել ՀՀ վարչապետի ելույթի բովանդակությունը՝ կրկին շեշտելով, որ որևէ գործընթաց արցախցիների թիկունքում չի կարող լինել, ամբողջ գործընթացը միտված է հենց արցախահայության իրավունքների պաշտպանությանը և դրանց իրացմանը:

«ՀՀ-ի համար Արցախյան հիմնախնդիրը երբևէ տարածքային վեճ չի եղել, եղել է արցախցիների, արցախահայության՝ իրենց ծննդավայրում անվտանգ ապրելու, այսինքն՝ իրավունքի իրացման խնդիր: Հետևաբար, մեզ համար, ըստ էության, կարգավիճակը մշտապես եղել է միջոց այս իրավունքներն իրացնելու համար: ՀՀ դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ մշտապես եղել է անփոփոխ»,-ասաց պատգամավորը:

Անդրադառնալով ԼՂ կարգավիճակի հարցում հայկական կողմի նշաձողն իջեցնելու հարցին՝ Աղաջանյանը պարզաբանեց. «Խոսքն առաջին հերթին այն նշաձողի մասին է, որի արդյունքում կապահովվի ՀՀ-ի շուրջ միջազգային հանրության այնպիսի կոնսոլիդացիա, որի արդյունքում առնվազն հայանպաստ լուծումը կդառնա առավել հավանական: Մենք ունենք 30 տարվա բանակցային փորձ, որի ընթացքում մենք ունեցել ենք որոշակի նշաձող, և այդ թվում պայմանավորված դրանով, ՀՀ-ն այդ 30 տարիների ընթացքում, ըստ էության, եղել է դիվանագիտական մեկուսացման մեջ, դրա պայմաններում, որի հետևանքները, կարծում եմ, բոլորս տեսնում ենք հընթացս, նաև տեսանք 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո: Կարծում եմ՝ ժամանակն է հետևություն անել մեր սխալներից, շարժվել իրատեսական նկատառումներով»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Արցախի պատգամավորները պնդում են, որ Ադրբեջանի կազմում լինելն անընդունելի է՝ Աղաջանյանը շեշտեց, որ ՀՀ վարչապետի ելույթում Ադրբեջանի կազմում կամ կազմից դուրս լինելու մասին որևէ ձևակերպում չի եղել:
 
Անդրադառնալով Արցախի հնարավոր կարգավիճակի վերաբերյալ հարցին՝ Աղաջանյանը վստահեցրեց. «Որևէ լուծում, որի արդյունքում արցախցիները համաձայն կլինեն շարունակել ապրել Արցախում, կարծում եմ՝ պետք է, որ ընդունելի լինի բոլորի համար՝ առաջին հերթին արցախցիների համար: Պայմանն այն է, որ եթե արցախցիների համար դա ընդունելի է, ենթադրում եմ, որ ՀՀ քաղաքացիների և Հայաստանի համար դա ևս ընդունելի է: Խոսքը գնում է այնպիսի պայմանների մասին, որոնց արդյունքում կապահովվեն արցախահայության բոլոր իրավունքները, որի առկայության պայմաններում ենթադրվում է, որ արցախցիները չեն ուզենա լքել Արցախը: Հակառակ պարագայում այն լուծումը, որ կառաջարկվի, բնականաբար չի լինի ՀՀ շահերին համապատասխան, ոչ էլ արցախցիների: Որևէ լուծում, որի արդյունքում Արցախը պետք է հայաթափվի, չի կարող լինել ընդունելի Հայաստանի Հանրապետության համար»: 

Ըստ նրա՝այդ իրատեսական շարժառիթներով ու նկատառումներով է պայմանավորված, որ ՀՀ իշխանությունները կարևոր են համարում միջազգային հանրության հետ նույն մակարդակի, նույն գծի վրա լինելն այս հարցում: Պատգամավորը սա չափազանց կարևոր պայման համարեց, որպեսզի հարցը լուծվի առավել բարենպաստ ձևով:

Հիշեցնենք, որ Փաշինյանը ապրիլի 13-ին հայտարարել է, որ միջազգային հանրությունը հստակ ասում է` լինել աշխարհի միակ երկիրը, որը երկկողմ մակարդակով չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ միայն վտանգ է Արցախի, այլև Հայաստանի համար:

«Միջազգային հանրությունն ասում է` մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, հակառակ դեպքում ասում է` խնդրում եմ մեզ վրա հույս չդնեք»,- նշել է նա:

Փաշինյանի խոսքով` այս ամենն ասում է նրա համար, որ հանրությանը հասկանալի լինի` խաղաղության օրակարգը այլընտրանք չունի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել