ԶՊՄԿ-ի պոչատարը վնասվել է, պոչանքները լցվել են Երեւան-Կապան ճանապարհ
 |hetq.am|
16:53 - 15 ապրիլի, 2022

ԶՊՄԿ-ի պոչատարը վնասվել է, պոչանքները լցվել են Երեւան-Կապան ճանապարհ |hetq.am|

hetq.am: Այսօր վթարվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի՝ Քաջարանի կոմբինատից դեպի Արծվանիկի պոչամբար տանող պոչատարը։ Այս մասին «Հետքին» ահազանգել է Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյանը։ Նրա փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել ԶՊՄԿ-ի պոչատարի 4-րդ դյուկերային անցումի մոտ՝ Երեւան-Տաթեւ-Կապան ճանապարհի հարեւանությամբ։

Բարձր ճնշման տակ պոչանքներ տեղափոխող պոչատարի վթարի հետեւանքով կոմբինատի պոչանքը լցվել է Երեւան-Կապան ճանապարհ, որը Գորիս-Կապան ճանապարհի փակումից հետո դարձել է Երեւանը Սյունիքի հարավային թեւին կապող միակ ուղին։ Արմեն Փարսադանյանը նշում է, որ վթարի տեղանքում ԶՊՄԿ-ի աշխատակիցները մաքրել են ճանապարհը, սակայն որոշ տեղերում մեքենաների երթեւեկից մեծ փոշի է բարձրանում։

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի իրազեկման բաժնի պետ Նաիրա Աղաբաբյանը «Հետքին» հայտնեց, որ դեպքից տեղյակ են եւ իրենց լիազորությունների շրջանակում միջոցներ են ձեռնարկել։

Հիշեցնենք, որ 2019-ի հոկտեմբերին եւս մի վթար էր եղել պոչատարի մեկ այլ դյուկերային անցումում՝ Ներքին Գիրաթաղ բնակավայրի հատվածում։ Պոչանքները ձորով հոսել էին դեպի Կապան-Քաջարան ճանապարհ ու լցվել Ողջի գետը։ Կառավարության նիստում պարզվել էր, որ ԶՊՄԿ-ն պատկան մարմիններից գաղտնի էր պահել վթարի փաստը՝ փորձելով սեփական ուժերով վերացնել այն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել