Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի ամրապնդելու նրանց անվտանգությունը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ՆԱՏՕ-ին անդամակցությունը չի կարող ամրապնդել նրանց ազգային անվտանգությունը։ Նրանք ինքնաբերաբար կհայտնվեն ՆԱՏՕ-ի «առաջնագծում», - ասել է Զախարովան։ - Ավելին՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը ենթադրում է փաստացի հրաժարում ինքնիշխանության մի մասից՝ պաշտպանության ոլորտում ինչպես նաև արտաքին քաղաքականությունում որոշումների կայացման հարցում»։
Զախարովան ընդգծել է, որ ընտրությունը Շվեդիայի և Ֆինլանդիայի իշխանություններինն է, սակայն նրանք պետք է գիտակցեն այդ անդամակցության հետևանքները «երկկողմ հարաբերությունների և, ընդհանուր առմամբ, անվտանգության եվրոպական ճարտարապետության համար, որն այժմ ճգնաժամային վիճակում է»։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ին չանդամակցելը Շվեդիային և Ֆինլանդիային «ապահովել է անվտանգության հուսալի մակարդակ, ամուր հիմք է ծառայել մեր երկրների միջև փոխշահավետ և իրավահավասար համագործակցության կառուցման, գործընկերային հարաբերությունների ամրապնդման համար, որոնցում ռազմական գործոնի դերը զրոյի էր հասցված»։
«ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությունը հազիվ թե նպաստի Շվեդիայի և Ֆինլանդիայի միջազգային հեղինակության ամրապնդմանը», - ընդգծել է նա։
Նա ասել է, որ ՆԱՏՕ-ի նպատակը «ռազմական ներուժն ավելացնելն ու աշխարհագրական էքսպանսիան է, Ռուսաստանի համար սպառնալիքի ևս մեկ թևի ստեղծումը»։
Նորա Վանյան
comment.count (0)