ՀԴԿ-ն իր աջակցությունն է հայտնում Արցախի ազատ կամարտահայտմանը
17:46 - 15 ապրիլի, 2022

ՀԴԿ-ն իր աջակցությունն է հայտնում Արցախի ազատ կամարտահայտմանը

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել Արցախի կարգավիճակի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը միանշանակ մերժում է ՀՀ գործող իշխանությունների  բացահայտված  դիրքորոշումը՝ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու  վերաբերյալ՝ անանուն միջազգային  հանրության պահանջով: ՀՀ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի բարձրաձայնած սույն մտադրությունը հիմնավորված չէ ոչ միայն ճշգրիտ և իրական փաստարկներով, այլև լիովին հակասում է  ՀՀ գործող օրենսդրությանը, պետական ուղեգծին, ինչպես նաև այն նախընտրական ծրագրի դրույթներին, որով ՔՊ-ն եկել է իշխանության: Բանակցային սեփական անկարողունակությունը, պարտվողականությունը անհնար է թաքցնել կեղծ վկայակոչումներով:

ՀԴԿ-ն ևս մեկ անգամ փաստում է՝ 

Արցախի Հանրապետությունը ճանաչված սուբյեկտ է Ադրբեջանի կազմից դուրս։ Դրա վառ վկայությունն է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, որը առ այսօր չի հրաժարվել հիմնահարցի կարգավորման հիմքում ներառել նաև ազգերի ինքնորոշման սկզբունքը։

Այն պաշտոնյան, ով հրաժարվի պաշտպանել Արցախի հայության իր բնօրրանում ազատ, անկախ Ադրբեջանից ապրելու իրավունքը, ենթակա է պատժի ՀՀ Սահմանադրությունը խախտելու համար և պաշտոնից հեռացմանը օրենքի ուժով։

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն իր լիակատար աջակցությունն է հայտնում Արցախի Հանրապետության ԱԺ հայտարարությանը, որտեղ ամրագրված է համայն հայության միավորիչ գաղափաբանությունը. «Արցախի պետականությունը եւ պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են, եւ դրանցից անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող մեզ հետ պահել»։ 

Միանում ենք Արցախի մեր խորհրդարանականների օրինական պահանջին՝ Հայաստանի իշխանությունները պետք է հրաժարվեն իրենց նորհայտ աղետալի դիրքորոշումից: Ոչ մի իշխանություն Հայաստանում և Արցախում իրավասու չէ անգո խաղաղության անվան ներքո Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաեւ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային սկզբունքից նահանջելու: 

Վերահաստատում ենք Արցախից հնչեցված միասնության կոչը՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում միաբանվելու՝ «Ճանաչում հանուն փրկության» կարգախոսի ներքո»,- նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել