«Գործուն քայլեր են ձեռնարկվում, բոլոր գործիքակազմերն օգտագործվելու են». Գեղամ Մանուկյան |azatutyun.am|
20:40 - 16 ապրիլի, 2022

«Գործուն քայլեր են ձեռնարկվում, բոլոր գործիքակազմերն օգտագործվելու են». Գեղամ Մանուկյան |azatutyun.am|

azatutyun.am: «Ընդդիմությունը ձեռքերը ծալած նստած չէ: Պատրաստ եղեք, մեծ գործ ունենք անելու...»,- ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել է ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ առանց մանրամասնելու, թե կոնկրետ ինչ գործողությունների մասին է խոսքը։ Ընդդիմության քայլերի մասին քննարկումները հատկապես ակտիվացան Արցախի կարգավիճակի նշաձողի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունից հետո։

Խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանից այսօր հետաքրքրվեցինք՝ ինչ է նախաձեռնում ընդդիմությունը։

«Գրեթե ամեն ինչ ասված էր․ գործուն քայլեր են ձեռնարկվում, որոնց մասին և արդյունքների, նաև գործողությունների մասին շատ կարճ ժամանակում արդեն հանրությանը կտեղեկացվի: Բոլոր գործիքակազմերն օգտագործվելու են, ինչպես օրինակ` ապրիլի 5-ի հանրահավաքն էր», - պատասխանեց Մանուկյանը:

44-օրյա պատերազմի ավարտի վերաբերյալ հայտարարության ստորագրումից հետո ընդդիմադիրները կրկին փողոց էին դուրս եկել․ տևական ժամանակ փակ պահեցին Բաղրամյան պողոտան, սակայն հետո անցան խորհրդարանական աշխատանքներին։ Արդյո՞ք այս անգամ գործողությունների զինանոցում հանրահավաքից բացի, նաև անհանզանդության ակցիաներ են ներառելու, հետաքրքրվեցինք Մանուկյանից։

«Հայաստանի քաղաքացին իր իրավունքները պաշտպանելու, իր երկրի սուվերենությունը պաշտպանելու իրավունք ունի ցանկացած ձևով», - նշեց նա:

«Եթե Նիկոլ Փաշինյանը մոտ ժամանակներում չհրաժարվի իր դիրքորոշումից, իհարկե պետք է հետևեն գործուն քայլեր»

Ընդդիմադիր ուժերը նախորդ շաբաթ բոյկոտել էին ԱԺ նիստերն ու կառավարության հետ հարցուպատասխանը և հայտարարել, որ մեկնում են Արցախ։ Ռուս խաղաղապահները, սակայն, պատգամավորներին թույլ չեն տվել մտնել Արցախ։ Տեղի ընդդիմադիր ուժերի հետ նրանց հանդիպումը կայացել է Աղավնոյի անցակետում։

Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Արցախի խորհրդարանն արդեն իր ընդունած հայտարարությամբ պահանջել է Հայաստանի իշխանություններից հրաժարվել «աղետալի դիրքորոշումից», հակառակ դեպքում ինքը չի բացառում գործուն քայլերի գնալը, բայց ոչ առանձին-առանձին քաղաքական ուժերով։

«Քանի որ հայտարարությունն «Արդարություն» կուսակցությունը միայնակ չի արել, «Արդարությունը» միայնակ ոչ մի քայլ չի անելու: Եթե Նիկոլ Փաշինյանը մոտ ժամանակներում չհրաժարվի իր դիրքորոշումից, իհարկե պետք է հետևեն գործուն քայլեր, որովհետև այս հայտարարությունն ամբողջ խորհրդարանը չի հայտարարել հայտարարելու համար, այլ դիրքորոշում է ներկայացրել, կարմիր գծեր է գծել, որից հետո Հայաստանի գործող վարչապետը պարտավոր է կամ երրորդ անձի անունով երբ որ լսեցնում են, թե իբրև թե լավ չեն հասկացել, լավ ասեին, լավ հասկանայինք: Եթե իրենք լավ ասել են, մենք լավ չենք հասկացել, ապա թող պարզաբանում տան, թե ինչ նկատի ունեին, ոչ թե երրորդ-չորրորդ խոսափողներով ինչ-որ փորձեն էլի մեղքը բարդել մեզ վրա, թե իբր թե լավ չենք հասկացել», - շեշտեց Դավիթ Գալստյանը:

Արցախի «Արդարություն» կուսակցության ղեկավարին հարցրինք` հայաստանյան ընդդիմության ակնարկած առաջիկա անելիքներին իրենք մասնակցելու են, եթե օրինակ՝ հանրահավաք, անհնազանդության ակցիաներ լինեն։

«Մենք դեռևս ոչ մի նմանատիպ քննարկում չենք ունեցել, բայց համոզված եմ, որ լինելու է», - ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել