Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարը տուգանվել է քաղաքաշինության բնագավառում իրավախախտում կատարելու հիմքով
13:26 - 20 ապրիլի, 2022

Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարը տուգանվել է քաղաքաշինության բնագավառում իրավախախտում կատարելու հիմքով

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից քաղաքաշինության բնագավառում իրավախախտում կատարելու հիմքով վարչական պատասխանատվության է ենթարկվել Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից, Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժինը ստուգում պետք է իրականացներ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի Արարատյան փող., հ.16/1 հասցեում գործող առևտրի սրահի վերակառուցման  և արդիականացման նկատմամբ։ Սակայն Մասիս համայնքի ղեկավարի կողմից չի կատարվել ՀՀ կառավարության 2015թ. մարտի 19-ի «ՀՀ-ում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 596 որոշման  պահանջը։

Դրա համաձայն՝ ավարտված շինարարությունը փաստագրող ընդունող հանձնաժողովի կազմում ներգրավվում են կառուցապատողի, կապալառուի, տեխնիկական հսկողություն և օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` հեղինակային հսկողություն իրականացնող անձինք, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի համապատասխան տարածքային բաժնի, մատակարար կազմակերպությունների, ինչպես նաև օրենքով համապատասխան վերահսկողական իրավասություններով օժտված այլ շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչները:

Բարձր ռիսկայնության աստիճանի  օբյեկտների դեպքում հանձնաժողովի կազմում ներգրավվում են նաև հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի համապատասխան մասնագետներ: Միջին ռիսկայնության օբյեկտների դեպքում ընդունող հանձնաժողովի կազմում ընդգրկվում է տարածքային բաժնի ներկայացուցիչը՝ բացառությամբ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցված օբյեկտների:

Այսինքն,  Մասիս համայնքի ղեկավարը թույլ է տվել ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգի խախտում, այն է՝ հանձնաժողովի կազմում  չի ընդգրկել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ներկայացուցչի, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 15711-րդ հոդվածով սահմանված է տուգանք։

Ուստի, հիմք ընդունելով վերոնշյալ խախտումը և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 24411-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինն Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավար Դ․Համբարձումյանին ենթարկել է վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ տուգանք՝ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել