Ադրբեջանի և Ղրղզստանի նախագահները ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել

 |factor.am|
15:20 - 20 ապրիլի, 2022

Ադրբեջանի և Ղրղզստանի նախագահները ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել |factor.am|

factor.am: Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը պաշտոնական այցով գտնվում է Բաքվում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ դեմ առ դեմ, իսկ հետո՝ ընդլայնված կազմով հանդիպումներից հետո տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Մասնավորապես, Սադիր Ժապորովն ու Իլհամ Ալիևը ստորագրել են 26 կետից բաղկացած «Ադրբեջանի և Ղրղզստանի միջև ռազմավարական գործընկերության հռչակագիրը»։ Բացի այդ, տարբեր ոլորտներին առնչվող ևս 9 փաստաթուղթ է ստորագրվել։

«Կողմերը կարծում են, որ ռազմավարական գործընկերության հաստատումը համապատասխանում է երկու պետությունների հիմնարար շահերին և որոշում նրանց փոխգործակցության բովանդակությունն ու բնույթը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային ասպարեզում։

Կողմերը, վերահաստատելով իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին, փոխադարձաբար սատարում են միմյանց միջազգայնորեն ճանաչված սահմանների ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անձեռնմխելիությունը»,- ասվում է փաստաթղթում։

Հռչակագրում նշվում է նաև, որ կողմերը պատրաստակամություն են հայտնում դիտարկել ղրղզական կողմի մասնակցության հնարավորությունը Արցախի գրավյալ տարածքների վերականգնման ենթակառուցվածքային նախագծերում։

Բաքուն և Բիշքեկը նաև շարունակելու են զարգացնել համագործակցությունը զինվորական կադրերի պատրաստման ոլորտում՝ Ադրբեջանի համապատասխան ուսումնական հաստատությունների հիման վրա։

Հաղորդվում է նաև, որ երկու երկրների նախագահները երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ են քննարկել, այդ թվում՝ առևտրի, տնտեսական, մշակութային, հումանիտար և ներդրումային ոլորտներում համագործակցության շուրջ։

Ալիևը նշել է, որ ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումը նշանակալի իրադարձություն է, քանի որ տարիների ընթացքում երկրների միջև երկկողմ համագործակցության նման բարձր մակարդակ չի եղել։

«Ռազմավարական գործընկերությունը նշանակում է մեծ առավելություն և մեծ պատասխանատվություն։ Վստահ եմ, որ ապագայում մենք միշտ կաջակցենք միմյանց միջազգային կառույցներում և ակտիվորեն կաշխատենք երկկողմանի կերպով»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ առանձին հանդիպման ժամանակ քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ համագործակցություն ներդրումային ծրագրերի շուրջ, գյուղատնտեսության ոլորտում և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել