ԱԺ-ում Փաշինյանի հայտարարությունը հարուցված քրգործի շրջանակում քննության առարկա կդառնա․ մեզ ոչինչ չի կաշկանդում.Դավթյան
 |news.am|
14:31 - 22 ապրիլի, 2022

ԱԺ-ում Փաշինյանի հայտարարությունը հարուցված քրգործի շրջանակում քննության առարկա կդառնա․ մեզ ոչինչ չի կաշկանդում.Դավթյան |news.am|

news.am: Դեռևս նախորդ տարի Մովսես Հակոբյանի հաղորդման հիման վրա հարուցված և ներկայումս հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է քրեական գործ, որի քննության առարկան է, ըստ էության, 44-օրյա պատերազմի նախապատրաստվելու, պատերազմի ողջ գործընթացում ռազմաքաղաքական ղեկավարության, յուրաքանչյուրի կողմից իր գործողությունները, պարտականությունները բարեխղճորեն կատարելու, ինչպես նաև  դրանց արդյունքների հետ դրանց պատճառական կապը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Նրա խոսքով, այդ քրեական գործն ունենալով այսպիսի ծավալուն քննության առարկա, ի վերջո  պատասխան պետք է տա այն հարցերին, թե մինչ պատերազմական իրավիճակը, պատերազմի ամբողջ ընթացքում ռազմաքաղաքական ղեկավարությունն իր պարտականությունները  այս կամ այն ուղղությամբ իրավաչա՞փ է իրականացրել, թե՞ իրավաչափ չի իրականացրել։

Ա. Դավթյանն ասաց, որ զոհված զինծառայողների հարազատների կողմից ներկայացված հաղորդումը, ըստ էության, վերաբերում էր ԱԺ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած  համապատասխան խոսքերին՝ «կարող էինք պատերազմն ավելի վաղ կանգնեցնել, բայց, իհարկե, կունենայինք նույն վիճակը, սակայն առանց զոհերի» և այդ խոսքերը դատախազության կողմից  արդեն իսկ ուղարկվել էին, հետևաբար  նաև այդ հաղորդմամբ ներկայացված նյութը դարձյալ ուղարկվել է հակակոռուպցիոն կոմիտե այդ նույն քրեական գործի շրջանակներում քննության առարկա  դարձնելու համար։

«Այսինքն, այդ քրեական գործն անդրադառնում է այդ նույն հանգամանքներին, ինչի վերաբերյալ հնչել է վարչապետի խոսք։ Հետևաբար, այդ խոսքը քրեական գործով ձեռք բերված այլ տվյալների համադրման արդյունքում պետք է արժանանա համապատասխան իրավական գնահատականի, խոսքն ինքնին  իրենով իրավական նշանակություն չի կարող ունենալ եթե ինքն այդ փաստով քննվող այլ քրեական գործի այլ հանգամանքների, ձեռք բերված այլ  ապացույցների հետ համադրության մեջ չդիտարկվի»,- ասաց գլխավոր դատախազը։

Նա համաձայն չէ, որ Նիկոլ Փաշինյանի այդ խոսքը իրավական առումով հանցակազմ է պարունակում. «Ես այդպիսի իրավական գնահատական չեմ կարող տալ: Իրենց ասածն այն է, որ միայն այդ խոսքը կարող էր համարվել որպես մեղադրանքի նկարագրություն եւ մեղադրանք առաջադրվեր: Նույն հաջողությամբ,  նույն անհիմն իրավական տրամաբանությամբ կարող էր  նաեւ  այդպիսի մեղադրանք առաջադրվեր այն դեպքում, երբ առանց համապատասխան պետության պաշտպանություն կազմակերպելու տարածքներ զիջվեին թշնամուն: Մեր ասածը ո՞րն է. որ «պատերազմական գործողությունները կարող էին կանգնեցվել», «կարող էին չիրականացվել» արտահայտությունները քրգործով ձեռք բերված այլ ապացույցների հետ պետք է համադրվեն: Դրանք համադրվում են: Մենք այդ գործով հենց առաջին փուլից ձեռնարկել ու ձեռնարկում ենք բոլոր միջոցները, որ իրականացվի այդ գործով լրիվ, օբյեկտիվ նախաքննություն: Մենք շահագրգիռ ենք, որ այդ տեղեկությունները ժամ առաջ ամբողջականան եւ իրավական գնահատականի արժանանան»,-ասաց Արթուր Դավթյանը:

Հարցին՝ բազմաթիվ հայտարարություններ են եղել Նիկոլ Փաշինյանի կողմից  պատերազմը կանխելու, նրա մեղավորության չափի և այլն մասին, այդ գործով Փաշինյանը որևէ  քրեադատավարական կարգավիճակ ունի՞, որևէ անգամ կանչվե՞լ է   հարցաքննության, Ա. Դավթյանն ասաց.  «Ուզում եմ վստահ լինեք մի հարցում. այդ գործի քննության առարկային առնչվող ցանկացած հրապարակային խոսք, որը կհնչի վարչապետից, որևէ մեկից, մենք միջոց ենք ձեռնարկում, որ դրանք բոլորը լինեն այդ քրեական գործում, քանի որ  այդ հանգամանքները պետք է համադրվեն, այդ թվում այդ անձինք պետք է հարցաքննվեն։

Բնականաբար, ՀՀ վարչապետը այդ քրեական գործով  տեղեկություններ հայտնելու  իրավունք ու պարտականություն ունի։ Նախաքննական մարմինը  նրա պարզաբանումները բազում հարցերի շուրջ պետք է ստանա։ Իսկ թե հարցաքննվել է, թե չի հարցաքննվել, քանի անգամ է և դեռ կհարցաքննվի, թույլ տվեք այս պահին դեռևս չասել»,- ասաց Դավթյանը՝ վստահեցնելով, որ ինքը որևէ հարցում կաշկանդված չէ, այդ քրեական գործի արդյունքների առումով իր համար այս պահին տեսանելի են բարդությունները, մեծածավալությունը։

«Որ պահին ակնհայտորեն տեսնեմ, որ խոչընդոտ կա այդ քրեական գործով  օբյեկտիվ իրականությունը բացահայտելու առումով, դրա մասին ես իմ ասելիքը կասեմ»,- նշեց Արթուր Դավթյանը։

Նա նշեց, որ բանակին հավաքական իմաստով ոչ մեկն իրավունք չունի որևէ վատ ասել, կան  կոնկրետ առարկայական հանցանք  կատարած անձինք, որոնք պետք է ենթարկվեն պատասխանատվության։

 



 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել