Իլհամ Ալիևը պատմական փաստերի հերթական կեղծում է կատարել․ Արտակ Բեգլարյան
10:16 - 23 ապրիլի, 2022

Իլհամ Ալիևը պատմական փաստերի հերթական կեղծում է կատարել․ Արտակ Բեգլարյան

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Իլհամ Ալիևը պատմական փաստերի հերթական կեղծում է կատարել, այս անգամ՝ ԼՂԻՄ-ի ժողովրդագրության մասին:

Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահը բռնազավթված Շուշիում հերթական միջոցառման ժամանակ, ի թիվս այլ կեղծ պնդումների, ասել է, թե խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում ադրբեջանական բնակչությունը մեծամասնություն էր կազմում, այնինչ իրականությունը, Բեգլարյանի վստահեցմամբ, ճիշտ հակառակն է:

«1921թ. Ղարաբաղի բռնակցման պահին ադրբեջանական բնակչությունը 4% էր, իսկ հետագա տասնամյակներում՝ ԽՍՀՄ մարդահամարների ցուցանիշներով՝

1926թ.՝ 10.06%,

1939թ.՝ 9.32%,

1959թ.՝ 13.80%,

1970թ.՝ 18.08%,

1979թ.՝ 22.98%,

1989թ.՝ 21.52%:

Բնականաբար, բնակչության մնացած մասը հայեր էին և շատ փոքր տոկոսով՝ այլազգիներ:

Եվ սրանք այն ցուցանիշներն են, որոնք հենց իրենք՝ խորհրդային Ադրբեջանի իշխանություններն (այդ թվում՝ Իլհամ Ալիևի հայրը) են հավաքագրել, ուստի, հաստատ, զգալիորեն ուռճացված են:

ԽՍՀՄ տարիներին ԼՂԻՄ-ում ադրբեջանցիների կայուն աճող թիվը պայմանավորված է հայ բնիկ բնակչության դեմ իրականացված սպիտակ ցեղասպանությամբ:

Թող ադրբեջանական իշխանությունները մեկընդմիշտ հիշեն, որ Արցախում երեք հազար տարի շարունակ եղել է բացառապես հայկական ճնշող մեծամասնություն»,- գրել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել