Ապակենտրոն ցանցային պայքարն այն մասին է, որ չլինի ընդգծված առաջնորդ առնվազն այս փուլում. Վանեցյան |news.am|
11:37 - 25 ապրիլի, 2022

Ապակենտրոն ցանցային պայքարն այն մասին է, որ չլինի ընդգծված առաջնորդ առնվազն այս փուլում. Վանեցյան |news.am|

news.am: Իրազեկման առաջին փուլի գործողությունը մենք հասցրել ենք ավարտին, ունենք գրեթե 100 տոկոսանոց արդյունք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով, ապրիլի 17-ից ի վեր Ազատության հրապարակ են եկել հազարավոր մարդիկ, հայրենասերներ, որոնք հասկանում են, երկիրն իրապես գտնվում է վատ վիճակում, հասկանում են, որ եկել է ժամանակը հստակ պահանջով վերջ դնել այս իշխանությունների գոյությանը քաղաքական ասպարեզում. «Մենք շարունակում ենք հայտարարած բողոքի անժամկետ գործողությունները, կրկին գիշերելու ենք Ազատության հրապարակում, 24 ժամ լինելու ենք այստեղ։ Բայց երկրորդ փուլը, որի մեկնարկը տրվեց ապրիլի 25-ին, ավելի ակտիվ է լինելու։ Լինելու են երթեր, քաղաքացիական անհնազանդության ակցիաներ»,-ասաց Վանեցյանը՝ նշելով, որ կարևոր խնդիրն այն է, որ ժողովրդին հանեն փողոց և դարձնեն պահանջատեր։

Վանեցյանի խոսքով, առկա է 100 տոկոսանոց կոնսենսուս, որ այս իշխանությունը ձախողել է բոլոր ոլորտներում, պետության հիմքերը խարխլված են։

«Մենք խնդիր ունենք, որ մարդիկ ոչ թե հիասթափվեն և ասեն, թե մեկ է, բան չի լինելու, մի անգամ այդ տեխնոլոգիան կիրառվել է, փորձեցիք, պատերազմից հետո չստացվեց։ Մենք պետք է մարդկանց ասենք, որ չհիասթափվեն։ Իշխանությունների դեմ պայքարող տարբեր խմբեր կան այսօր։ Կարծում եմ, որ այդ խմբերն ավելանալու են և մենք կարողանալու ենք սկզբում ապակենտրոն ցանցային տարբերակով հանրության հետ աշխատել, բացատրել, որ մենք պետք է միասնական գործենք, որից հետո ինչ-որ մի փուլում պետք է բոլորը համախմբվեն», - ասաց Արթուր Վանեցյանը։

Դիտարկմանը, թե գնահատականներ են հնչում, որ ընդդիմադիր լիդերները համատեղ չեն աշխատում, Վանեցյանն ասաց. «Վստահ եղեք, որ այս պայքարը որևէ մեկը չի իրականացնում իր անձնական շահերը կամ նեղ կուսակցական շահերն առաջ մղելու համար։ Կան տարբեր կուսակցություններ ու խմբեր, որոնք ունեն իրենց առաջնորդները, և հենց դրա մասին է խոսքը, երբ ասում ենք ապակենտրոն ցանցային պայքար։ Դա նրա մասին է, որ չլինի ընդգծված առաջնորդ այս փուլում և մենք կարողանանք ձևակերպել այն, ինչ ուզում ենք։ Եթե մենք ասենք, թե մեր առաջնորդն այսինչ մարդն է, խնդիր ենք ունենալու, որովհետև մարդկանց թվալու է, թե եկել ենք ինչ-որ մեկին պաշտոնի նշանակելու պահանջով։ Բայց այստեղ ընդհանրապես նման տրամադրություն չկա։ Այստեղ տրամադրությունը մեկն է ունենալ հզոր Հայաստան, Արցախ, արժանապատիվ ապրող ժողովուրդ, բայց այս հիմնական նպատակին հասնելու համար մենք պետք է հասնենք իշխանափոխության։ Որևէ մեկը չունի այն ամբիցիան, որ ես եմ և վերջ։ Չկա նման բան»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել