ՀՀ ԿԲ-ն իրավապահ մարմիններին հաղորդում է ներկայացրել առանց լիցենզիայի ընկերության կողմից միջոցներ ներգրավելու մասին
18:52 - 25 ապրիլի, 2022

ՀՀ ԿԲ-ն իրավապահ մարմիններին հաղորդում է ներկայացրել առանց լիցենզիայի ընկերության կողմից միջոցներ ներգրավելու մասին

Առանց լիցենզիայի «Վան Քարտ» (One Card) ՍՊԸ-ի կողմից հրապարակային եղանակով դրամական միջոցներ ներգրավելու գործունեության օրենսդրական հնարավոր խախտումների առկայությունը ստուգելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին։ Այս մասին տեղեկացնում են ԿԲ-ից։

«Տեղեկացնում ենք, որ Կենտրոնական բանկ ներկայացված բազմաթիվ դիմումների և այլ ազդակների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող «Վան Քարտ» (One Card) ՍՊԸ-ն հրապարակային եղանակով ներգրավում է դրամական միջոցներ՝ հանդես գալով տրամադրված դրամական միջոցները կրկնապատկելու (ավելացնելու) և որոշակի «հավելաճով» դրանք վերադարձնելու հրապարակային առաջարկով«- ասվում է հաղորդագրության մեջ:

Քանի որ ընկերությունը, ըստ էության, հանրության լայն շրջանակից ներգրավում է  դրամական միջոցներ, կարևոր ենք համարում մեր քաղաքացիներին տեղեկացնել, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից «Վան քարտ» ՍՊԸ-ին չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջինս գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս: Այդ պատճառով Կենտրոնական բանկը չի կարող վերահսկել ընկերության գործունեությունից բխող ռիսկերը և ապահովել հաճախորդների շահերի պատշաճ պաշտպանություն, ինչը նշանակում է, որ քաղաքացիները նման կազմակերպություններին իրենց միջոցները վստահելիս գործում են բացառապես սեփական ռիսկով։

«Այս գործունեության օրենսդրական հնարավոր խախտումների առկայությունը ստուգելու նպատակով Կենտրոնական բանկն արդեն իսկ հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին»,- հայտնում են ՀՀ ԿԲ-ից՝ հավելելով, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների ցանկը հասանելի է ԿԲ պաշտոնական կայքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել