Որքա՞ն թանկ է աշխարհի վրա նստելու ընդլայնվող ուկրաինական պատերազմը․ CNN
19:47 - 28 ապրիլի, 2022

Որքա՞ն թանկ է աշխարհի վրա նստելու ընդլայնվող ուկրաինական պատերազմը․ CNN

Պատերազմն Ուկրաինայում, որը սկսվել է այս տարվա փետրվարի 24-ին, շարունակվում է, և քաղաքական գործիչներն ու փորձագետները դժվարանում են դրա ավարտի ժամկետների մասին կանխատեսումներ անել։ Այսօր ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ այն կարող է տևել «ամիսներ և անգամ տարիներ», իսկ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը նշել է, որ «հինգից տասը տարի» տևելու հավանականության կա։ CNN-ը գրում է աշխարհի մյուս երկրների վրա այս պատերազմի հնարավոր ազդեցության մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․

«Շատ պատերազմներ՝ առաջին աշխարհամարտից մինչև իրաքյան հակամարտություն, սկզբից թվում է, թե արագ են ավարտվելու՝ կարճ բայց մեծ շոկ բերելով։ Սակայն հաճախ դրանք, ի հեճուկս կանխատեսումների, վերածվում են տևական հակամարտության, որը, դոմինոյի էֆեկտի պես առաջացնում է հեռահար քաղաքական, տնտեսական և հումանիտար հետևանքներ։

Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմն այս ուղով է գնում։ Սկզբից բլիցկրիգ էր կանխատեսվում՝ Կիևի գրավմամբ, սակայն պատերազմը տևելու է շաբաթներ և ամիսներ, եթե ոչ ավելին։

Պատերազմի հետևանքներն արդեն ծանր են։ Միշտ հավանականություն կա, որ այն կտարածվի և էլ ավելի թեժ դիմակայության կվերածվի, ինչպես ռազմական, այնպես էլ Ռուսաստանից էներգակիրների արտահանման առումով, որոնց կարիքն այնքան զգում է Եվրոպան։

Ամեն անգամ, երբ այնպիսի խոշոր միջուկային տերություններ, ինչպիսիք են Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, ներքաշվում են անգամ անուղղակի կոնֆլիկտի մեջ, ուղիղ առճակատման հավանականություն է ստեղծվում։

Ավելի տևական պատերազմն արևմտյան առաջնորդների համար ավելի մեծ անորոշություն է նշանակում։

Գլոբալ պարենային անապահովությունն, ըստ ամենայնի, կխորանա ոչնչացված ուկրաինական բերքի պատճառով, ինչը կարող է ավելացնել անկայունությունն ու հուզումներն աշխարհում։

 

Ինչո՞ւ է պատերազմը ձգձգվելու

Կա մի հիմնական պատճառ, թե ինչու է պատերազմը ձգձգվելու։

Ռազմավարական պատկերն Ուկրաինայում, երբ երկրներից մեկը հեռու է պարտվելուց, իսկ զավթիչը տապալված չէ, նշանակում է, որ կողմերից ոչ մեկը ուժեղ դրդապատճառ չունի՝ պատերազմին վերջ տալու համար ակտիվ դիվանագիտություն վարելու։

Ուկրաինական քաղաքացիական բանակի հերոսությունն ու արևմտյան զենքի աճող մատակարարումները հույս են ներշնչում, որ Կիևը կհաղթի։

Պուտինն, իր հերթին, դեռ չի հասել իր նպատկներից ոչ մեկին Կիևի մատույցներից նվաստացուցիչ նահանջից հետո։ Չնայած կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստների մասին հաղորդագրություններին՝ նրա գեներալները ռազմական նոր խնդիրներ են դրել զորքերի առջև՝ գրավել Ուկրաինայի ողջ հարավային ափն ու շնչահեղձ անել երկիրը՝ փակելով ելքը դեպի Սև ծով։

Ուկրաինան մտավախություն ունի, որ մարտի դաշտն ընդլայնվելու է։ Պաշտոնատար անձինք երեկ զգուշացրել են հարավ-արևմուտքում՝ Մոլդովայի սահմանի երկյանքով, հնարավոր նոր ճակատի մասին՝ ռուսամետ Մերձդնեստր անկլավի մասնակցությամբ։

Իսկ լայնամասշտաբ էներգետիկ պատերազմի սպառնալիքը, որը կարող է ռեցեսիայի և լուրջ բարդությունների հանգեցնել Եվրոպայում և կողմնակի ազդեցություն ունենալ ԱՄՆ-ում, ավելի իրական է դարձել երեկ, երբ Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումները Լեհաստանին և Բուլղարիային՝ ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրներին, որոնք ժամանակին Խորհրդային Միության ուղեծրում էին։

 

Երկարատև պատերազմից տուժում են բոլորը

Տևական պատերազմի հիմնական արդյունքը […] դժբախտաբար լինելու է այն, որ ավելի շատ ուկրաինացիներ են սպանվելու կամ ստիպված լինելու լքել իրենց տները։

Նշանները, որ պատերազմն ամիսներ է տևելու, խորացնելու են արդեն սարսափելի տնտեսական ցնցումները։ Համաշխարհային բանկն, օրինակ, երեկ զգուշացրել է, որ հակամարտության հետևանքով գրանցվել է լայն սպառման ապրանքների ամենամեծ աճը վերջին 50 տարում։

Ցորենի գների աճն աղքատությունից տառապող երկրներում կենաց և մահու հարց է միլիոնավոր մարդկանց համար։

Երեկ Պուտինը միջուկային սպառնալիքներ է հնչեցրել՝ զգուշացնելով, որ Ռուսաստանի թշնամիները, որոնք միջամտում են Ուկրաինայի գործերին, թանկ են վճարելու։

«Մենք ունենք գործիքներ, որոնցով ոչ ոք չի կարող պարծենալ։ Իսկ մենք դրանցով չենք պարծենալու, մենք դրանք օգտագործելու ենք, եթե անհրաժեշտ լինի»։

Նրա խոսքերը տագնապալի հիշեցում են հակամարտության սրացման մշտական վտանգի մասին, հատկապես, որ ԱՄՆ-ն փորձության է ենթարկում Ռուսաստանի «կարմիր գծերը»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։

Վաշինգտոնում և Մոսկվայում երկուստեք ընդունում են, որ այս պատերազմը շատ ավելի ուրիշ բանի մասին է, քան միայն Ուկրաինայի և կարող է դառնալ երկարատև և ավելի ընդլայնված աշխարհաքաղաքական պայքարի մեկնակետ»։

 

Նորա Վանյան

 

Գլխավոր լուսանկարը՝ Associated Press-ի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել