Երևանը բավականին աղտոտված է, տարվա մեջ այս մեկ շաբաթօրյակով չենք կարող պատշաճ մաքրություն ապահովել. Հրաչյա Սարգսյան
15:45 - 30 ապրիլի, 2022

Երևանը բավականին աղտոտված է, տարվա մեջ այս մեկ շաբաթօրյակով չենք կարող պատշաճ մաքրություն ապահովել. Հրաչյա Սարգսյան

Ապրիլի 30-ին հայտարարված համապետական շաբաթօրյակին վաղ առավոտից միացել է նաև Երևանը: Բազմաթիվ քաղաքացիների, պետական ու մասնավոր կառույցների ներկայացուցիչների, Երևանի ավագանու անդամների հետ քաղաքի մաքրությանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Երևանը բավականին աղտոտված է, և, կարծում եմ, տարվա մեջ այս մեկ շաբաթօրյակով չենք կարող պատշաճ մաքրություն ապահովել: Մենք քննարկումներ ունենք, պատրաստվում ենք յուրաքանչյուր շաբաթ մի վարչական շրջանում շաբաթօրյակ իրականացնել, որպեսզի արդյունքի հասնենք: Այս պահի դրությամբ արդեն 500 հավաքարար ունենք, բայց եթե շարունակեն աղտոտել, չենք հասնելու արդյունքի»,- նշել է Երևանի քաղաքապետը:

Մայրաքաղաքի մաքրությունն իրականացվում է հասցեագրված տարածքներում: Երևանի քաղաքապետարանը շաբաթօրյակին միացած բոլոր բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով՝ ձեռնոցներով, փոցխերով, բահերով, իսկ կուտակված աղբի տեղափոխման համար քաղաքապետարանը ներգրավել է աղբատար Կամազների գրեթե ամբողջ պարկը:

Աշխատանքները հստակ սխեմաներով է կազմակերպված նաև հանրապետության բոլոր բնակավայրերում: Յուրաքանչյուր կառույց գիտի, որ տեղում պետք է աշխատի մինչև աղբի աղբավայր տեղափոխումը:

«Մենք պետք է ոչ թե ոգևորված շաբաթօրյակ անենք, այլ ոգևորված ամբողջ ժամանակահատվածում պետք է մեր շրջակայքը չաղտոտենք: Ցավոք սրտի, մենք կարծես դեռ խնդիր ունենք հասարակական տարածքները մերը համարելու մտքի հետ, բայց, կարծում եմ, նաև նման միջոցառումները և բոլորիս կողմից տարածվող այն միտքը, որ պետք է մաքուր միջավայրում ապրենք, անընդհատ տարածելով կհասնենք նրան, որ կգա մի ժամանակ և շաբաթօրյակ անելու անհրաժեշտություն չի առաջանա»,- նշել է ՀՀ ՏԿԵ նախարարը:

Քաղաքը մաքուր պահելու հարցում շատ կարևոր է, որ բնակիչները դառնան քաղաքային իշխանության աջակիցը. նկատում է քաղաքապետն ու ընդգծում՝ Երևանը պետք է զգա յուրաքանչյուրի հոգատար վերաբերմունքը:

«Այս ամեն ինչը կետային լուծումներ է. մենք պետք է մեր վարքը փոխենք և աշխատենք, որ այն երկարաժամկետ լինի: Թե չէ, ամեն տարի բոլորս հավաքվելու ենք, մաքրություն ենք իրականացնելու, և դա կայուն չի լինելու: Մենք պետք է մեր հասարակության հետ երկխոսության մեջ մտնենք և պարզապես սիրենք մեր քաղաքը ոչ միայն բառերով կամ ֆեյսբուքյան գրառումներով, այլև մեր առօրյայով ու վարքով»,- ընդգծել է Հրաչյա Սարգսյանը:

Համապետական շաբաթօրյակի շրջանակում լվացվել են նաև երևանյան արձանները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել