ՊԵԿ պաշտոնյաները, ստանալով 65 000 դոլարի չափով կաշառք, չեն արձանագրել չվճարված շուրջ 126 մլն դրամի հարկերը․ ԱԱԾ
13:32 - 02 մայիսի, 2022

ՊԵԿ պաշտոնյաները, ստանալով 65 000 դոլարի չափով կաշառք, չեն արձանագրել չվճարված շուրջ 126 մլն դրամի հարկերը․ ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ՊԵԿ առանցքային վարչություններից մեկի պետի տեղակալի և նույն վարչության գլխավոր հարկային տեսուչի կողմից մշակված և իրագործվող կոռուպցիոն սխեմա:

Մասնավորապես՝ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՊԵԿ-ում վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Հ.Մ-ն և նույն վարչության գլխավոր հարկային տեսուչի պաշտոնը զբաղեցնող Ա.Ա-ն, ի պաշտոնե լիազորված լինելով տնտեսական գործունեություն ծավալող կազմակերպություններում իրականացնել բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումներ, բացահայտել չվճարված հարկային պարտավորությունների ծավալը և արձանագրել նշված հանգամանքը, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը, չեն արձանագրել չվճարված հարկերի ողջ ծավալը, ինչի դիմաց ստացել են առանձնապես խոշոր չափերի կաշառք-գումար:

Ինչպես հայտնում է ԱԱԾ-ն, նման եղանակով, ս.թ. փետրվար-մարտ ամիսներին, բազմաբնակարան շենքերի կառուցապատում իրականացնող տնտեսվարողի մոտ անցկացված ստուգումների ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր շուրջ 126 մլն դրամի չկատարված հարկային պարտավորություն: Տնտեսվարողը, վերոնշյալ պաշտոնատար անձանց հետ փոխհամաձայնությամբ, հարկային մարմիններին ներկայացրել է ճշտված հաշվետվություն, որով 126 մլն դրամի փոխարեն պետք է կատարեր 59 մլն դրամի լրացուցիչ հարկային վճարումներ: Նշվածի դիմաց Հ.Մ-ն և Ա.Ա-ն տնտեսվարողից պահանջել և ստացել են 65 000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք, որից 5000 ԱՄՆ դոլարը՝ կանխիկ, 60 000 ԱՄՆ դոլարը՝ կառուցապատվող շենքում կրկնակի ցածր արժեքով 2 բնակարանի տեսքով: 

Ստացված կաշառքի ծագման իրական աղբյուրը թաքցնելու նպատակով նշված բնակարանները ձևակերպվել են  Հ. Մ.-ի և Ա. Ա.-ի մտերիմ անձանց անուններով, որով փորձ է արվել օրինականացնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը:

Դեպքի առթիվ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում) հարուցվել է քրեական գործ: 

ԱԱԾ և Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների համատեղ օպերատիվ-քննչական աշխատանքի շրջանակում խուզարկություններ են իրականացվել ՀՀ ՊԵԿ նշված պաշտոնատար անձանց, ինչպես նաև տնտեսվարող կազմակերպության ղեկավարի աշխատանքի և բնակության վայրերում, ինչի արդյունքում հայտնաբերվել են քրեական գործի համար ապացուցողական նշանակություն ունեցող նյութեր:

Հ.Մ-ն, Ա.Ա-ն և ևս երեք անձ ձերբակալվել են: 

Կատարվում է նախաքննություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել