Մեղրիից Երևան ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք տեղափոխել փորձող անձինք ձերբակալվել են
13:43 - 02 մայիսի, 2022

Մեղրիից Երևան ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք տեղափոխել փորձող անձինք ձերբակալվել են

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործի մի շարք հանգամանքներ:

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, 2022թ. մայիսի 1-ին ժամը 06:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 200-րդ կիլոմետրի հատվածում տեղադրված հենակետում կատարված ստուգմամբ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից «Acura» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել են «РПК» տեսակի «КП 3310» և «СО 7446» համարների հրազեններ, երկու պահունակ՝ լիցքավորված 45 և 23 հատ 5.45 մմ տրամաչափի մարտական փամփուշտներով, ինչպես նաև՝ 8 հատ դատարկ պահունակ:

Հիշյալ ավտոմեքենայի՝ 1974թ. ծնված վարորդը և երկու ուղևորները բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության համապատասխան բաժին՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք փոխադրելու կասկածանքով։ Վերջիններս ձերբակալվել են։

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրազենի, ռազմամթերքի ձեռք բերման աղբյուրը պարզելու, օբյեկտիվ բազմակողմանի և լրիվ քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել