Բերման ենթարկվածների մեծ մասն ազատ արձակվեց
 |azatutyun.am|
16:50 - 02 մայիսի, 2022

Բերման ենթարկվածների մեծ մասն ազատ արձակվեց |azatutyun.am|

azatutyun.am: Առավոտից մայրաքաղաքում բերման ենթրակված հարյուրավոր ցուցարարների մեծ մասը մի քանի ժամ անց ազատ է արձակվել, հաղորդում են ոստիկանությունից։

Անհնազանդության ակցիաների ժամանակ բաժին էր տարվել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանը՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկելու համար։

Նրա գործընկերը՝ Գեղամ Մանուկյանն, ապօրինի որակեց իրավապահների այս քայլը՝ պնդելով, թե Սահմանադրությամբ պատգամավորին կարող են ազատազրկել միայն հանցանք կատարելու վայրում։

«Բացառությամբ, երբ բռնվել է հանցանք կատարելու վայրում, Աշոտ Սիմոնյանը հանցանք է կատարե՞լ, որ բերման են ենթարկել։ Պատգամավորին բերման ենթարկելն անօրինական է, եթե չի ձերբակալվում հանցանքի վայրում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մանուկյանը։

Ոստիկանության Էրեբունու բաժնում երեք ժամ անցկացնելուց հետո ազատ արձակվեցին նաև մոտ երեք տասնյակ ընդդիմադիր ցուցարարներ։

«Հրահրում էին որպեսզի մենք ինչ-որ բան անենք, այսինքն՝ հարվածենք ոստիկանին, ձայն բարձրացնենք։ Կանգնած բերման ենթարկվածը սպասում է, որ իրականացվի գործողություն, պրոցեսը գնա, կազմվի արձանագրություն և այլն, ոստիկանը էդ ամեն ինչը թողած, փոխանակ իրա գործով զբաղվի, սադրում է», - ասաց ցուցարարներից Զավենն, ով ևս ազատ է արձակվել։

Ոոստիկանությունը վարչական տուգանք է կիրառել՝ պարտավորեցնելով 50 հազար դրամ վճարել՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար։ 26-ամյա Զավենն ասաց, որ չի պատրաստվում վճարել այդ տուգանքը, քանի որ անօրինական ոչինչ չի արել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել