Իրանի միջուկային գործարքը մոտ է տապալման, բայց կողմերը չեն ուզում ընդունել դա․ Reuters
21:32 - 02 մայիսի, 2022

Իրանի միջուկային գործարքը մոտ է տապալման, բայց կողմերը չեն ուզում ընդունել դա․ Reuters

Արևմտյան պաշտոնյաները մեծապես հույսը կորցրել են, որ Իրանի հետ միջուկային գործարքը կվերականգնվի, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով այս հարցին լավատեղյակ իր աղբյուրները։ Հոդվածը ներկայացնում ենք կճատումներով․

«Թեև նրանք ամբողջությամբ չեն հրաժարվել համաձայնագրից, ըստ որի՝ Իրանը սահմանափակել էր իր միջուկային ծրագիրն՝ իր դեմ գործող տնտեսական պատժամիջոցների չեղարկման դիմաց, աճում է համոզմունքը, որ դա, գուցե, անհույս հարց է։

Արևմտյան չորս դիվանագետներ համակարծիք են, որ այն գործարքի վերականգնման հույսը, որն Իրանը կնքել է Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ 2015 թ-ին, և որից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է 2018 թ-ին, մարում է։

Գործարքը վերածնվելու եզրին էր մարտի սկզբին, երբ Եվրամիությունը, որը համակարգում է բանակցությունները, նախարարներին Վիեննա էր հրավիրել՝ համաձայանգիր կնքելու։ Սակայն բանակցությունները տապալվեցին վերջին պահին Ռուսաստանի կողմից առաջ քաշված պահանջների և այն հարցի պատճառով, թե արդյոք Վաշինգտոնը կարող է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հեռացնել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների (FTO) իր ցանկից։

ԻՀՊԿ-ն վերահսկում է էլիտար զինված և հետախուզական ուժեր, որոնց Վաշինգտոնը մեղադրում է գլոբալ ահաբեկչական արշավի համար։

Կորպուսը ահաբեկչական կազմակերպությունների ցանկից հեռացնելու Թեհրանի պահանջին դեմ են ամերիկացի շատ օրենսդիրներ, որոնք այն ահաբեկչական կազմակերպություն են համարում՝ չնայած Իրանի հերքումներին։

Ռուսաստանի պահանջները, կարծես, մեղմացվել են, սակայն ԻՀՊԿ վերաբերյալ պահանջը՝ ոչ, իսկ նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում սպասվող միջանկյալ ընտրություններն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի համար դժվարացնում են ընդդիմության դեմ պայքարն այդ կազմակերպությունը ցանկից հեռացնելու համար։

Բայդենի օգնականները հասկացնել են տվել, որ ԻՀՊԿ-ն ցանկից հեռացնելու պլաններ չունեն, սակայն չեն բացառել դա՝ հայտարարելով, որ, եթե Թեհրանն ուզում է, որ ԱՄՆ-ն գործարքի վերականգնման խիստ շրջանակից դուրս այդպիսի քայլ անի, Իրանը նույնպես պետք է ԱՄՆ համար հարցեր լուծի այդ գործարքից դուրս։

«Արդյո՞ք գործարքը մեռած է։ Դեռ չգիտենք, անկեղծ ասած, չենք կարծում, թե Իրանն էլ գիտի», - ասել է ԱՄՆ բարձրաստիճան մի պաշտոնյա։

Կարծես թե, Իրանը դեռ չի ուզում զիջել ԻՀՊԿ-ն ԱՄՆ ցանկից հեռացնելու հարցում։

«Դա մեզ համար կարմիր գիծ է, և մենք չենք զիջելու այդ հարցում», - ասել է Իրանի անվտանգության հարցերով պաշտոնյաներից մեկը։

Մի քանի աղբյուրների պնդմամբ՝ կողմերից ոչ մեկը չի ուզում խոստովանել, որ անուղղակի բանակցությունները, որոնք շարունակվում էին գրեթե մեկ տարի, տապալվել են։ Որովհետև Վաշինգտոնը հույս ունի, որ Իրանը կհրաժարվի ԻՀՊԿ-ի վերաբերյալ իր պահանջից, իսկ Իրանը համոզված է, որ կարող է վերականգնել գործարքը, երբ ցանկանա։

Արդյունքում՝ իրավիճակը կարող է փոխվել, աշխարհը կենտրոնացած է Ուկրաինայի տարածք ռուսական ներխուժման և նավթի գների աճի վրա, ինչն Իրանին թույլ է տալիս ավելի շատ գումար աշխատել ԱՄՆ պատժամիջոցների շրջանցմամբ նավթի ապօրինի արտահանումից։

«Չեմ կարծում, թե որևէ մեկն ուզում է ասել՝ վերջ, բավական է։ Արդյո՞ք սա անվերջ շարունակվելու է, և կողմերից ոչ մեկը չի ընդունելու, որ ամեն ինչ վերջացած է․․․ Հավանաբար», - ասում է արևմտյան դիվանագետներից մեկը։

Սա կարող է Իրանին թույլ տալ շարունակել ընդլայնել իր միջուկային ծրագիրը, որն արագացել է այն բանից հետո, երբ Թրամփը հրաժարվել է գործարքից։

Չնայած Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ «Պլան Բ-ի» մասին ԱՄՆ խոսակցություններին՝ եթե գործարքը չվերականգնվի, [իրադարձությունների զարգացման] մի քանի տարբերակ կա։

Եթե բացառենք ԱՄՆ և Իսրայելի կողմից ռազմական գործողություններն՝ Իրանի միջուկային օբյեկտների ոչնչացման նպատակով, ապա գերտերությունների գլխավոր լծակն իրանական նավթի արտահանման սահմափակումն է։

Թեև 2015թ-ի գործարքին նախորդող տարիներին Վաշինգտոնը լռելյայն ուներ Մոսկվայի և Պեկինի աջակցությունն ամերիկյան պատժամիջոցների միջոցով իրանական նավթի արտահանման սահմանափակման հարցում, գերտերությունների շրջանում այդպիսի կոնսենսուս չկա։

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, չնայած ԱՄՆ և Եվրոպայի նախազգուշացումներին, ցույց է տալիս, որ Մոսկվայի համաձայնությունը չի կարելի որպես փաստ ընդունել։

Չինաստանն ապօրինի արտահանված իրանական նավթի հիմնական գնորդն է և, ըստ որոշ աղբյուրների, դրա սահմանափակմանը հասնելը դժվար կլինի այն պայմաններում, երբ նավթի մատակարարումները սուղ են, իսկ Թեհրանը Պեկինին զեղչ է տրամադրում։

Ավելի վաղ պատասխանելով ԱՄՆ պատժամիջոցների շրջանցմամբ իրանական նավթի գնման մասին հարցին՝ Չինաստանի արտգործնախարարությունը հրաժարվել էր մանրամասներ ներկայացնել, սակայն հաստատել էր, որ Չինաստանը համաձայն չէ ԱՄՆ արտատարածքային պատժամիջոցներին և կոչ է անում Միացյալ Նահանգներին չեղարկել միակողմանի պատժամիջոցները։

Իրանական նավթի արտահանումը, Kpler ընկերության տվյալներով, առաջին եռամսյակում աճել է՝ օրական 668 հազար բարելից հասնելով միջինում օրական մինչև 870 հազար բարելի։

Միացյալ Նահանգներն, ըստ էության, պետք է երկու ուղղությամբ գործի՝ սահմանափակի, մի կողմից, ռուսական նաթվի արտահանումը, մյուս կողմից՝ իրանական նավթինը։

«Դա հեշտ չէ, - ասում է աղբյուրներից մեկը։ - Իրանն այժմ վաճառում է նավթի այն ծավալի մոտավորապես կեսը, որը կարող էր վաճառել, եթե չլինեին ԱՄՆ պատժամիջոցները, սակայն, շնորհիվ գների աճի, նույն եկամուտն է ստանում»։

«[Ինչո՞ւ պետք է Թեհրանը] ցավոտ զիջման գնա, եթե, ըստ էության, ադեն ստանում է այդ նավթային շահույթը», - նշում է նա»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել