Ծանր վիրավորանքն ու հայհոյանքը քրեականացվել են ամբողջ հանրությանը պաշտպանելու համար. դատախազ
 |hetq.am|
16:57 - 03 մայիսի, 2022

Ծանր վիրավորանքն ու հայհոյանքը քրեականացվել են ամբողջ հանրությանը պաշտպանելու համար. դատախազ |hetq.am|

hetq.am: Տեղին չեն այն մտահոգությունները, որ ծանր վիրավորանքի և հայհոյանքի համար քրեական պատասխանատվություն է սահմանվել` կոնկրետ ինչ-որ անձանց պաշտպանելու համար:

Խորհրդարանում հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին: Պատգամավորն անդրադարձել էր հանրության որոշ շրջանակներում առկա  մտահոգություններին, որ վերոնշյալ արարքները քրեականացվել են իշխանություններին պաշտպանելու համար:

«Այս արարքը քրեականացվել է ամբողջ հանրությանը պաշտպանելու համար, արարքը քրեականացվել է, որպեսզի ամբողջ հանրությունը պաշտպանված լինի հայհոյանքից, ատելության խոսքից, որի հանցածին նշանակությունը ոչ ոք չի կարող հերքել: Ես շատ ուրախությամբ այս հարցի քննարկմանը տարբեր միջազգային գործընկերների, դեսպանների հետ հանդիպմանն ասում եմ` խնդրում եմ բացեք, մինչև օգոստոս ամիսը նայեք մեր հրապարակային խոսքի որակը և, օրինակ, էսօր: Ակնհայտորեն տարբերություն մենք ունենք»,-ասաց գլխավոր դատախազը:

Արթուր Դավթյանը  հիշեցրեց, որ այդ հոդվածի հատկանիշներով 802 քրեական գործ է հարուցվել, որից 425-ը՝ 137.1 հոդվածի առաջին մասով:

«Առաջին մասը մասնավոր մեղադրանքի գործ է, այսինքն՝ կեսից ավելին մասնավոր, կենցաղային հարաբերություններում առաջացած դեպքեր են եղել, հարևանը` հարևանին, ընտանիքի անդամը` մյուսին, մարդն իրեն պաշտպանելու համար եկել հաղորդում է տվել: Այ մյուս կեսը հանրային մեղադրանքի գործեր են, որտեղ վիճակագրության մեջ հստակ բացված է՝ թիրախներն ովքեր են` գործող պաշտոնյաներ, նախկին պաշտոնյաներ, լրագրողներ, իշխանության ներկայացուցիչներ, ընդդիմության ներկայացուցիչներ: Այսինքն՝ պատկերը շատ ընդհանրական է»,-ասաց նա:

Արթուր Դավթյանը նաև անդրադարձավ օրեր առաջ Սահմանադրական դատարանի հրապարակած որոշմանը, որով Բարձր դատարանը սահմանադրական է ճանաչել այս արարքի քրեականացումը:

Հիշեցնենք, որ ՍԴ-ում օրենքի սահմանադրականությունը վիճարկում էր խորհրդարանական ընդդիմությունը:

***Անձին ծանր վիրավորանք հասցնելու` հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքում  կիրառվում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (100 հազարից-500 հազար դրամ):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել