Կառավարությունը առաջարկում է դիտարկել պետական մարմնի կողմից լրագրողին հավատարմագրումից զրկելու հիմքերն օրենքով նախատեսելու հարցը
12:44 - 05 մայիսի, 2022

Կառավարությունը առաջարկում է դիտարկել պետական մարմնի կողմից լրագրողին հավատարմագրումից զրկելու հիմքերն օրենքով նախատեսելու հարցը

Կառավարությունը առաջարկում է դիտարկել պետական մարմնի կողմից լրագրողին հավատարմագրումից զրկելու հիմքերն օրենքով նախատեսելու հարցը։ Որոշման նախագիծը ընդունվեց այսօր՝ չզեկուցվող հարցերի փաթեթով։ 
 
Ավելի վաղ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը և Լիլիթ Մինասյանը  շրջանառության մեջ են դրել  «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծ, որը պետական մարմիններին հնարավորություն կտա դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, եթե վերջինս խախտել է աշխատանքային գոտում գործող կանոնները։

Ըստ նախագծի հիմնավորման՝  «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պետական մարմինները իրավասու են լրագրողի հավատարմագրման մերժման եւ դադարեցման այլ հիմքեր սահմանել լրագրողների հավատարմագրման կարգով: Սակայն նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով.

«Ստացվում է, որ մի կողմից պետական կառույցը սահմանում է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հիմքերը, սակայն գործնականում չի կարող հավատարմագրման դադարեցման հիմքերի առկայության դեպքում որևէ կերպ դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, քանի որ անհրաժեշտ է հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմում։ Օրենքի բացը լրացնելու եւ առաջին հերթին լրատվական գործունեություն իրականացնողի եւ պետական մարմինների միջեւ փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու, պետական մարմինների ներքին կանոնների խախտման դեպքերում գործիքակազմ ունենալու համար առաջարկվում է, որ նաեւ պետական մարմինը, որը հավատարմագրել է լրագրողին, կարողանա աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնների խախտման դեպքում դադարեցնել լրագրողի հավատարմագրումը»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել