Պետք է հետևողականորեն շարժվենք անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու ուղղությամբ. վարչապետ
13:24 - 05 մայիսի, 2022

Պետք է հետևողականորեն շարժվենք անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու ուղղությամբ. վարչապետ

Կառավարությունը հավանություն տվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին։ 

Արդարադատության նախարար Կարեն  Անդրեասյանն ասաց՝ օրենքի կարճատւև գործարկման ընթացքում Գլխավոր դատախազությունը կատարել է հսկայածավալ աշխատանք և այդ աշխատանքի արդյունքում դուրս են բերվել որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծել և լավարկել այս օրենքը։

Նախարարը ներկայացրեց այն փոփոխությունները, որոնք առաջարկվում է նախագծով։ ։ «Առաջարկվում է ընդլայնել այն անձանց շրջանակը, որոնց նկատմամբ կարող է սկսվել գույքային ուսումնասիրությունը։ Գործող կարգավորումների պայմաններում ուսումնասիրություն կարող էր կատարվել քաղաքական, վարչական, ինքավար, հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ։ Այդ պաշտոններն են, օրինակ, վարչապետերը, փոխվարչապետերը, նախարարները, նախարարների տեղակալները, Մարդու իրավունքների պաշտպանը, դատավորները։Այս փոփոխության նպատակն  այն է, որ ընդլայնվի այդ պաշտոնների շրջանակը և բոլոր այն պաշտոնյաները, որոնք հայտարարագրեր են ներկայացնում, իրենք նույնպես ենթակա լինեն այս օրենքի ուսումնասիրությանը»։

Բացի դրանից, ըստ Կարեն Անդրեասյանի, դատախազությանը տրվում է հնարավորություն սեփական նախձեռնությամբ սկսել ուսումնասիրություն բոլոր այն դեպքերում, երբ արդեն իսկ սկսված աշխատանքներում հայտնաբերվել են տվյալներ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանող ապօրինի գույքի վերաբերյալ։ Նախատեսվում է նաև  ՀՀ սահմաններից դուրս գտնվող գույքի ձեռքբերման արժեքի չափով գումարի բռնագանձման հնարավորություն, եթե առկա չեն այդ գույքի շուկայական արժեքի վերաբերյալ տեղեկություններ:

Փաշինյանը, արձագանքելով նախարարին, ասաց, որ այս պահի դրությամբ իրենց ակնկալիքները չեն արդարանում․ «Եթե ես ճիշտ եմ հիշում, համակարգը  ներդրվեց 2020 թ․-ի սեպտեմբերից։ Այս ընթացքում դատախազությունը հսկայական աշխատանք է կատարել այդ ուղղությամբ, բայց մյուս կողմից էլ պոստ ֆակտում ենք արձանագրել, որ այդ աշխատանքի ծավալները այնքան մեծ են, որ  այս պահի դրությամբ մեր ակնկալիքները չեն արդարանում»։ 

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ ասաց՝ բարդությունները գործնական աշխատանքի արդյունքում են ի հայտ եկել․« Ինչ վերաբերում է ի սկզբանե ձևավորված ակնկալիքներին, այո, այդպիսի խնդիր կա, բայց ուզում եմ՝ հասկանանք՝ դրա պատճառն ինչ է։ Երբ մեխանիզմը ներդրվում էր, երբ օրենքն ընդունվում էր, ինստիտուտն ոչ միայն աննախադեպ էր ոչ միայն մեր երկրի, այլ աշխարհի բազում երկրների համար, և աշխարհը դեռևս լուրջ փորձառություն անցած պրակտիկա չուներ, գործնական աշխատանքի արդյունքում ի հայտ եկան այն բարդությունները, այն պրոբլեմները, որոնց մենք բախվում ենք»։

Նա նշեց, որ այս պահի դրությամբ դատարանում ներկայացված է շուրջ 8 հայց 42 միլիարդ դրամ հայցագնով։ «Ունենք առաջին նախաձեռնությունը համաձայնության գալու և կարծում ենք, որ սա լավ փորձ կլինի և ազդակ կլինի համապատասխան սուբյեկտներին, որ առավել նախընտրելի է համաձայնությամբ այս տեսակ խնդիրների լուծումները»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ դատաիրավական համակարգում բարեփոխումներն ամենաբարդն են և ամենադժվարն են առաջ գնում:

«Դատական համակարգն ինչպես ավանդաբար եղել է ամենացածր վստահություն ունեցող համակարգ, շարունակում է այդպիսին մնալ. մենք պետք է հետևողականորեն շարժվենք անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու ուղղությամբ»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել