Աշակերտին գրքով հարվածած ուսուցչի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
18:50 - 05 մայիսի, 2022

Աշակերտին գրքով հարվածած ուսուցչի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան հ.24 հիմնական դպրոցում մայիսի 5-ին  տեղի ունեցած միջադեպի ուսումնասիրության նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության աշխատակիցներն այցելել են դպրոց: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը:

Դպրոցի տնօրինության և մանկավարժների մասնակցությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միջադեպը տեղի է ունեցել 8-րդ դասարանում՝ «Անգլերեն» առարկայի դասաժամին, երբ ուսուցիչն ստեղծված իրավիճակում  դուրս է եկել ինքնատիրապետումից՝ դրսևորելով մանկավարժին ոչ հարիր և անթույլատրելի վարքագիծ: 

Դպրոցի տնօրենի՝ 05.05.2022թ. հ. 30 հրամանով ուսուցչի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ «Խիստ նկատողություն»:

Երևանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է սովորողի նկատմամբ հակամանկավարժական վերաբերմունքի ցանկացած դրսևորում՝ անկախ որևէ իրավիճակից և կարևորում յուրաքանչյուր երեխայի հանդեպ անհատական մոտեցում գտնելու մանկավարժի պատասխանատվությունը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը ցուցաբերելու է շարունակական հետևողականություն՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում բացառելու նման դրսևորումները և համագործակցային աշխատանքի շնորհիվ ձևավորելու համապատասխան միջավայր՝ ի շահ դպրոցին վերապահված կրթադաստիարակչական գործառույթի պատշաճ իրացման:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել