Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
22:24 - 05 մայիսի, 2022

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Մայիսի 5-ին Բեռնում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, շվեյցարականը՝ Շվեյցարիայի Արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի Եվրասիայի վարչության պետ, դեսպան Աննա Իֆկովից Օրները (Anna Ifkovits Horner)։  : Այս մասին հայտնում է ԱԳՆ-ի կայքը։

Հանդիպման մեկնարկին կողմերը ողջունեցին Հայաստանի և Շվեյցարիայի միջև օրերս նշվող դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը:

Հայաստանի և Շվեյցարիայի պատվիրակությունները բարձր գնահատեցին երկու երկրների միջև ձևավորված սերտ քաղաքական երկխոսությունը, մշակութային ու գիտակրթական ոլորտներում համագործակցությունը, մարդկանց միջև շփումները և պատրաստակամություն հայտնեցին քայլեր ձեռնարկել դրանք խորացնելու ուղղությամբ։ Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում ծավալվող համագործակցության շուրջ և քննարկեցին փոխաջակցությանը վերաբերող հարցեր։ Շեշտվեց Հայաստանի և Շվեյցարիայի խորհրդարաններում ակտիվորեն գործող բարեկամական խմբերի դերը երկկողմ հարաբերությունների խթանման գործում։

Ընդգծվեց առևտրատնտեսական կապերի զարգացման կարևորությունը՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործուն քայլեր ձեռնարկել այն ընդլայնելու ուղղությամբ։ Կողմերն անդրադարձան Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալության կողմից Հայաստանում իրականացվող շարունակական գործունեությանը. ընդգծվեց 2022-2025թթ. ռազմավարության կարևորությունը, որի շրջանակում, Հայաստանում նախատեսվում է հավակնոտ ծրագրերի իրագործում։  

Խորհրդակցությունների ընթացքում հայկական կողմը ներկայացրեց 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրներին համապարփակ լուծում տալու անհրաժեշտությունը` վերահաստատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի առանցքային դերը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի հարցում: Անդրադարձ կատարվեց հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի քայլերին։ 

Հայկական պատվիրակությանն ընդունեց Շվեյցարիայի Արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի պետքարտուղարի տեղակալ Յոհաննես Մաթիասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել