Հակաժողովրդավարական ուժերը պիտի համակերպվեն ժողովրդի քվեի հետ. Արսեն Թորոսյան
 |azatutyun.am|
16:16 - 06 մայիսի, 2022

Հակաժողովրդավարական ուժերը պիտի համակերպվեն ժողովրդի քվեի հետ. Արսեն Թորոսյան |azatutyun.am|

azatutyun.am: Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ներքաղաքական ճգնաժամ չի տեսնում: Խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի խոսքով` մի անգամ չստացված և ժողովրդի քվեով մարած շարժումը ընդդիմությունը փորձում է նորից արթնացնել, որը ըստ նրա` հաջողություն չի ունենա: «Ազատության» հետ զրույցում պատգամավորը պնդում է` վարչապետի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ընդդիմությունը կեղծ օրակարգ ունի:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

Արսեն Թորոսյան. - Մենք ներքաղաքական ճգնաժամ չենք տեսնում, եթե շատ անկեղծ ասեմ, նույնիսկ անցյալ տարի էլ տեսնում էինք մասամբ, երբ որ գնացինք լուծումների: Եվ չի կարելի պարզապես, ասենք, 3-4 ամիսը մեկ արտահերթ ընտրություններ անել և ասել, որ քանի որ փողոցում կան մեր 12 հազար քաղաքացի կամ 50 հազար քաղաքացի, կապ չունի, մենք պետք է գնանք արտահերթ ընտրությունների: Արտահերթ ընտրությունները եղել են, եղել են ազատ և արդար, ինչպես և նախկին ընտրությունները, և կլինեն հերթական ընտրություններ 2026 թվականին, որին կարող են մասնակցել թե՛ այսօրվա ընդդիմադիր ուժերը, իմ կարծիքով` իրենք շանս չեն ունենա, իհարկե, անցնելու այլևս խորհրդարան` տեսնելով, թե ինչ են հիմա իրենք անում, թե՛ այլ ուժեր նոր խորհրդարան ձևավորելու համար:

Կարծում եմ` պետք է ողջամտությունը, այնուամենայնիվ, իրենց մոտ էլ, իրենց մտքում էլ հաղթի, և հասկանանք` ուր են գնում. ի վերջո, գալիս են կառուցողական բանավեճի, որը, ի դեպ, ես մոտավորապես համարում եմ, որ կամուրջները գրեթե այրված են այդ առումով, իրենք են այրել, ոչ մենք, թե պետք է ագրեսիվացման տանեն, որպեսզի սևերես չլինեն իրենց աջակիցների առաջ: Դա էլ, գիտեք, ինչի է բերում:

 - Այդ սցենարն էլ չի՞ անհանգստացնում ձեզ…

Արսեն Թորոսյան. - Իհարկե, անհանգստացնում է, և մեզ անհանգստացնում է մեր ցանկացած քաղաքացու առողջություն, կյանք և բարեկեցություն, և նաև դրանով է պայմանավորված, որ մենք շատ ողջախոհ ենք գտնվում նույնիսկ ինչ-որ չափ սահմաններն անցնող դեպքերում և փորձում ենք զսպվածության կոչերով այդ ամեն ինչը կարգավորել, ոչ թե, օրինակ, միանգամից ոստիկանությունը ուժ է կրառում այդ դեպքերում:

- Ինչո՞ւ եք ասում, որ կամուրջները այրված են, գուցե նախաձեռնե՞ք, այնուամենայնիվ, երկխոսության փորձ:

Արսեն Թորոսյան. - Մենք պատրաստ ենք:

Երեկ ձեզ առաջին նախագահն էլ էր նման հուշում արել` հանգուցալուծելու այս վիճակը:

Արսեն Թորոսյան. - Ախր այնքան պարզ բաների մասին ենք խոսում: Երեկ Ազգային ժողովում կար հարց ու պատասխանը, հարց ու պատասխանի ժամանակ վարչապետը պատասխանում էր իրենց իսկ տված հարցին, թողեցին, գնացին մարդիկ, սկսեցին կոչեր անել: Իրենց իրավունքն է, բայց այդ նախաձեռնելը տեղի է ունենում մեր Ազգային ժողովի առաջին նիստից: Մենք ասում ենք` եկեք, խոսենք, իրենք ասում են` ձեզ հետ խոսելու բան չունենք, մենք գնում ենք ձեր հրաժարականը պահանջելու: Պահանջեք, դա էլ է ձեր իրավունքը, բայց պահանջելու արդյունքում մենք ժամանակին տվել ենք հրաժարական, վարչապետը տվել է հրաժարական, կառավարությունը դարձել է ժամանակավոր, տեղի են ունեցել ընտրություններ, ընտրությունների արդյունքում եղել է այս պատկերը: Կլինեն նոր ընտրություններ, կլինի այլ պատկեր, իրենք կձևավորեն իշխանությունը, իհարկե ես չեմ ուզենա, որ որևէ հակաժողովրդավարական ուժ ձևավորի իշխանությունը Հայաստանում, որովհետև մենք գիտենք` դա ինչով է հղի, իրենք կլինեն իշխանություն: Չի ձևավորվի, իրենք պետք է համակերպվեն ժողովրդի քվեի հետ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել