Հասարակության կողմից անընդունելի, նախկինում անպատշաճ վարքագիծ դրսևորած որևէ մեկը ապագա կառավարությունում որևէ դերակատարություն չի ունենալու․ Սաղաթելյան
19:11 - 09 մայիսի, 2022

Հասարակության կողմից անընդունելի, նախկինում անպատշաճ վարքագիծ դրսևորած որևէ մեկը ապագա կառավարությունում որևէ դերակատարություն չի ունենալու․ Սաղաթելյան

Այս օրերին շատ է խոսվում, թե ինչ է լինելու Նիկոլից հետո, ինչ ենք անելու, նոր կառավարությունը ինչպես է երկիրը դուրս բերելու այս իրավիճակից։ Ես այսօր փորձելու եմ ներկայացնել մի քանի կարևոր քայլեր, գործողություններ, սկզբունքներ, որը պետք է իրականացվի այս չարիքի կառավարության հեռացումից հետո։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Արցախը, Հայաստանի անկախությունը վտանգված են։ Ապազգային, ապիկար իշխանության պատճառով։ Այս վիճակը պարտավոր ենք շտկել։ Հնարավո՞ր է արդյոք։ Իհարկե, այո։ Ինչպե՞ս։ Ելքը անվտանգության, համերաշխություն, առաջընթաց շղթայով ուժեղ Հայաստանի կերտումն է։ Ուժեղ Հայաստան կերտելու համար նախ պետք է հեռացնենք սրանց և ձևավորվի իշխանություն, որը կապահովի թուրքաադրբեջանական արտաքին ագրեսիայի զսպումը՝ արդիականացնելով Հայաստանի ու Արցախի միասնական անվտանգության համակարգը, այն պետք է հիմնված լինի ռազմավարական գործընկեր երկրների ներգրավմամբ, հայոց զինված ուժերի վերակառուցմամբ, նոր որակի միջազգային դիվանագիտության հիման վրա»,- ասաց Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ այդ իշխանությունը պետք է վերահաստատի Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի երաշխավոր լինելու ՀՀ հանձնառությունը՝ բացառելով Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ 

  • «Նոր իշխանությունը կբացառի Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաշվին հաղորդակցության ուղիների ապաշրջաափակման անվան տակ միջանցքի տրամադրում թշնամի երկրին։ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի ներքո չի իրականացնի սահմանագծում և սահմանազատում։
  • Հայաստան-Թուրքիա հարաբերություններում կաբացառի որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև հայության հոգևոր մշակութային ժառանգության կրող լինելու իրավունքը։ 
  • Առաջնահերթ կարևորություն ենք տալու պարենային անվտանգությանը և պետական պահուստի խնդիրներին։ Կարևորագույն խնդիր է դիտարկվելու հայ ռազմագերիների, պատանդառվածների ու պահվող այլ անձանց վերադարձը։
  • Նոր կառավարությունը պետք է վարի պրոֆեսիոնալիզմի և հստակ չափորոշիչներով կադրային քաղաքականություն՝ ապահովելով կառավարման համակարգի ճգնաժամի հաղթահարումը, պետության կառավարումից իսպառ բացառվելու է պոպուլիզմը, սուտը, կեղծիքը և անբանությունը։
  • Անկեղծ և պատասխանատու կերպով հայտարարում եմ․ հասարակության կողմից անընդունելի, նախկինում անպատշաճ վարքագիծ դրսևորած որևէ մեկը ապագա կառավարությունում որևէ դերակատարություն չի ունենալու, որևէ արտոնյալ կարգավիճակի չի ունենալու։
  • Վերականգնվելու են գյուղատնտեսության և մշակությի նախարարությունները, վերակառուցվելու է պետական իրավապահ համակարգը, դրանք ամբողջությամբ ծառայեցնելով ՀՀ քաղաքացուն։
  • Քաղաքում և գյուղերում բնակվող մարդու բարեկեցությունը լինելու է վարվող ոլորտային քաղաքականության պաշտոնատար անձի գործունեության գնահատման չափանիշը։
  • Տնտեսական աճը ուղղակիորեն պետք է արտացոլվի մարդկանց կենսամակարդակի վրա՝ ապահովելով եկամուտների կայուն աճ։
  • Մարդկանց վարկային և պարտքային բեռը չպետք է զրկի նրանց արժանապատիվ ապրելու հնարավորությունից։
  • Վերականգնելու ենք ներքին համերաշխությունը, հասնելու ենք համահայկական ներուժի մեկտեղման՝ վերացնելով խորացվող ատելությունը, պառակտվածությունը  և անտարբերությունը։ Բացառվելու է մեր կյանքում անցյալի և ներկայի արատավոր բարքերը։
  • Նոր կառավարությունը պետք է նաև Սփյուռքի, Հայ Առաքելական սուրբ եկեղեցու, ազգային մյուս կառույցների անմիջական ներգրավմամբ ձևավորի ներքին և արտաքին մարտահրավերները դիմագրավելու համահայակական հստակ օրակարգեր, այսպիսի իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ էազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն։ Դերակատար բոլոր քաղաքական ուժերը պետք է ձևավորեն յուրահատուկ ազգային հավաքական, կարող մարդկանցից անհատներից, ովքեր կստանձնեն հավաքական պատասխանատվություն՝ երկիրը այս իրավիճակից դուրս բերելու համար։
  • Սրանց հեռացնելուց հետո մենք հրապարակելու ենք շուրջ 250 քաղաքացիների, պրոֆեսիոնալ անհատների անուններ, ովքեր ունեն համապատասխան գիտելիքներ, փորձառություն, հայրենասեր են, ունեն կամք, վճռականություն և պատրաստակամ են երկիրը այս իրավիճակից դուրս բերելու։ Այդ մարդիկ ձեր շուրջ են, ձեր մեջ են, այս հարթակում են, ովքեր 4 տարի պայքարել են այս ապազգային իշխանության դեմ։
  • Պետք է ձևավորել ԶՈՒ  բարձրագույն հրամանատարական կազմ, ուժեղացնել դիվանագիտական կորպուսը, համակարգ վերադարձնելով պրոֆեսիոնալ կադրերին՝ նվազագույնի հասցնել քաղաքական նշանակումները։
  • Ժամանակավոր կառավարությունը անմիջապես կձևավորի քաղաքական և մասնագիտական իմաստով բարձրակարգ բանակցային խումբ, որը ոչ թե վախի, պարտվողականության, թրքամետության դիրքերից, այլ բացառապես մեր ազգային- պետական շահերից ելնելով կբանակցի Ադրբեջանի, հարկ եղած դեպքում նաև Թուրքիայի հետ, բայց երբեք նշաձողը իջեցնելու ուղղությամբ չի շարժվի։
  • Հետևողական քայլերով մենք կվերացնենք  ատելության մթնոլորտը երկրում, մարդիկ այլևս չեն հետապնդվի իրենց քաղաքական հայացքների համար, իսկ օրենքը հավասար է լինելու բոլորի համար՝ անկախ իրենց կարգավիճակից։
  •  ՀՀ-ն կրկին դառնալու է ներդրումների համար գրավիչ երկիր, իսկ Երևանը կրկին դառնալու է համայն հայության սիրելի մայրաքաղաքը։

  • Ենթադրվում է, որ ժամանակավոր կառավարության գործունեությունը կլինի 1-1.5 տարի, հետո այդ կառավարությունը պետք է կազմակերպի ազատ, արդար, մրցակցային ընտրություններ և այդ ժամանակ մեր քաղաքացիները անմիջական քվեարկությամբ կձևավորեն երկարաժամկետ կառավարություն»,- հայտարարեց Սաղաթելյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել