Ընդդիմադիրները վաղը 4 ուղղություններով երթեր կանցկացնեն մայրաքաղաքում․ երթերի ընթացքում կլինեն անհնազանդության ակցիաներ, կփակվեն փողոցներ
22:13 - 09 մայիսի, 2022

Ընդդիմադիրները վաղը 4 ուղղություններով երթեր կանցկացնեն մայրաքաղաքում․ երթերի ընթացքում կլինեն անհնազանդության ակցիաներ, կփակվեն փողոցներ

«Դիմադրություն» շարժման հանրահավաքի ընթացքում  ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ վաղը 4 ուղղություններով անհնազանդության ակցիաներ են իրականացնելու։ 

«Մենք խնդիր ունենք նաև կենտրոնից դուրս՝ մյուս վարչական շրջաններում մեր ակցիաները անելու։ Վաղը 4 ուղղություններով սկսում ենք անհնազանդության երթեր և ակցիաներ։ Դրանք չեն լինելու պարզապես երթեր։ Էդ երթերի ընթացքում լինելու են անհնազանդության ակցիաներ, արգելափակվելու են ճանապարհները։ 4 հասցեները, որտեղից վաղը սկսելու են այդ երթերը։  Մեկ երթը Գայի պողոտա, Մեգամոլի դիմաց, շարժվելու է Մասիվից։ Երկրորդը՝ Րաֆֆու փողոց՝ Անդրանիկի արձանի դիմաց, երրորդը՝ 15 թաղամաս, Չաուշի արձանի մոտից, 4-րդը՝ Սասունցի Դավիթ արձանի մոտից»։ 

Սաղաթելյանը ընդգծեց՝ «անհրաժեշտ է կանգնեցնել պետական կառավարման համակարգը»․ «Իշխանությանը հեռացնելու մի ճանապարհ գոյություն ունի, որ գործնականորեն փաստենք, որ իշխանությունը փողոցում է, մենք ենք որոշում։ Աթոռներին նստածները այլևս ի վիճակի չեն մեր երկրում որևէ բան որոշելու։ Դրա համար պետք է ավելի լայն տարածումով շարունակենք մեր բողոքի, անհնազանդության ակցիաները»։ 

Նրա խոսքով՝ վաղը բոլորի համար կարևոր օր է․ «Եթե այնքան մարդ, որքան մասնակցեց երթին, վաղը դուրս գա փողոց կոնկրետ անհնազանդության գործողություններ և ակցիաներ անելու, ձեզ վստահեցնում են, հաշված օրերի ընթացքում հեռացնելու ենք։ Խնդրում և պահանջում ենք․ վաղը նախ հայտարարում ենք դասադուլ և գործադուլ, յուրաքանչյուրդ ձեր հետ վաղը փողոց եք բերում ևս մեկ քաղաքացի։ Եթե մենք վաղը այդքանով սկսենք ամբողջ Երևանում մեր անհնազանդության ակցիաները, անհրաժեշտության դեպքում շրջափակենք պետական կառավարական շենքերը, մենք վերջնականապես ծնկի ենք բերելու։  Անհնազանդության գործողություններով ամբողջ իշխանությունը վերցնում ենք մեր ձեռքը և կանգնեցնում երկիրը։ Նիկոլի ամեն օր մնալը պետք է բոլորը հասկանան, որ չի բխում մեր երկրի շահերից և միանան մեզ»։ 

Նա նաև նշեց՝ ճանապարհ փակելը, անհանազանդության ակցիաները, պետական կառավարման համակարգը կանգնեցնելը ինքնանպատակ չի․ «Միակ ճանապարհը դա է, այլ հեծանիվ հորինել պետք չի, կրկնապատկենք մեր թիվը անհնազանդության ակցիաներով կանգնեցնենք պետական կառավարման համակարգը, որպեսզի ուժայինները զեկուցեն՝ Նիկոլ դու այլևս իշխանություն չունես և ժողովրդի ցասումը կանգնեցնել այլևս հնարավոր չէ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել