Ում հանդիպեց Փաշինյանը Նիդերլանդներում եւ ինչ հայտարարություններ արեց
14:57 - 12 մայիսի, 2022

Ում հանդիպեց Փաշինյանը Նիդերլանդներում եւ ինչ հայտարարություններ արեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 10-11-ը պաշտոնական այց կատարեց Նիդերլանդների Թագավորություն։ Պատվիրակության կազմում էին արտաքին գործերի նախար Արարատ Միրզոյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

Վարչապետն իր այցը սկսել է Ասեն քաղաքից, Դրենցի թանգարանում նա մասնակցել է  «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը։ Այնուհետև Փաշինյանը այցելել է Նիդերլանդների գործատուների և արդյունաբերողների համադաշնության գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել տեղի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:Փաշինյանը ներկայացրել է մեր երկրում իրականացվող բարեփոխումները, այդ թվում` բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ։ 

Փաշինյանը հաջորդիվ եղել է Հաագայի Խաղաղության պալատում և մասնակցել  հայկական խաչքարի բացման արարողությանը։ Հայաստանի կառավարությունն այժմ անում է հնարավորը` տարածաշրջանում խաղաղության օրակարգը խթանելու համար՝ չնայած այն գոյաբանական սպառնալիքներին, որոնց մինչ այժմ առերեսվում է հայ ազգը․ «Հազարամյակներով Հայաստանը և հայերը ձգտել են խաղաղության՝ որպես իրենց Հայրենիքում ապրելու և արարելու գերագույն նպատակ։ Մեր կառավարությունն այժմ անում է հնարավորը` տարածաշրջանում խաղաղության օրակարգը խթանելու համար՝ չնայած այն գոյաբանական սպառնալիքներին, որոնց մինչ այժմ առերեսվում է իմ ազգը» ,-հանդիպման ընթացքում հայտարարել է Փաշինյանը։ 

Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում Փաշինյանը խոսել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, տարածաշրջանում տիրող իրավիճակի, Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ 

 

  •  «Մինչև այսօր մեր առնվազն 38 գերեվարված անձինք շարունակում են մնալ Ադրբեջանում: Փորձ է արվում անընդհատ տարբեր թեմաներով առևտրի առարկա դարձնել այդ գործընթացը:  Ի միջիայլոց, վերջին անգամ հենց ԵԽ նախագահի ներկայությամբ Ադրբեջանի ղեկավարը խոստացավ, որ գերիների հերթական խումբ ազատ կարձակի, բայց մինչև օրս դա տեղի չի ունեցել:
  • Ադրբեջանը ներկայացրեց իր պատկերացումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին, որտեղ հինգ հիմնական կետ կա: Մենք լրացրեցինք այդ օրակարգը, որտեղ ներառվում է ԼՂ հայության անվտանգության, իրավունքների և ԼՂ վերջնական կարգավիճակի խնդիրը: Վերջին շրջանում Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որով փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե սեղանին լինելու են միայն Ադրբեջանի առաջարկները: Դա առնվազն չի համապատասխանում այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք ենք բերել Բրյուսելում: 
  • Այսօր պիտի վերահաստատեմ իմ այն դիրքորոշումը, որ նշված սկզբունքների հիման վրա պատրաստ ենք բանակցությունների, չնայած, այն պրոցեսում,  որը պլանավորվել է, որևէ բան չի փոխվել։ 
  • Առաջիկայում նախատեսվում է մեր ներկայացուցիչների հանդիպումը սահմանազատման, սահմանագծման հարցում, տեղի կունենա արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
  • 2020 թ․-ի Ղարաբաղյան պատերազմն իրականում ոչ մի կապ չունի Հայաստանի ժողովրդավարական լինելու հետ: 
  • Պետք է հաջողությամբ իրականացնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, որպեսզի Ադրբեջանի հետ մեր երկաթուղիները, ճանապարհները աշխատեն:
    Մենք խոսակցություն ենք սկսել Թուրքիայի հետ, համաձայնել ենք առանց նախապայմանների սկսել հարաբերությունների կարգավորման փորձ: Առանց միջազգային հանրության ակտիվ ու անկեղծ աջակցության մենք հաջողության հասնելու ավելի քիչ հնարավորություններ կունենանք։
  • Մենք ուզում ենք, որ միջազգային հանրությունը լսի մեր ձայնը, միջազգային հանրությունը տեսնի մարդկանց, որոնք այսօր ապրում են Լեռնային Ղարաբաղում, որոնք ամեն օր՝ ի հեճուկս բազմաթիվ գործոնների, պայքարում են իրենց հայրենիքում ապրելու իրավունքի համար։
  • Կոռուպցիայի դեմ պայքարի կամ կոռուպցիայի ընկալման համաթվերում վերջին տարիներին, վերջին չորս տարվա ընթացքում Հայաստանը հսկայական առաջընթաց է արձանագրել: Եվ այո՛, պետք է նաև բարձր հայտարարություն անեմ՝ ասելով, որ Հայաստանից համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված:
  • Հեղափոխությունից առաջ, տարիներ առաջ, մեր քրեակատարողական հիմնարկները բոլորը գերբեռնված էին:Այսօր բանտային բնակչության ծանրաբեռնվածության առումով ՀՀ-ն Եվրոպայի մասշտաբներով գրավում է երկրորդ տեղը: Այսինքն՝ ամենաթերի բեռնված երկրների շարքում է և պետք է ասեմ, որ այդ ցուցանիշով մենք զիջում ենք միայն Մոնակոյին: Մնացած բոլոր երկրների նկատմամբ բանտային բնակչության բեռնվածության առումով մենք շատ լավ դիրքերում ենք»։ 

Ապա Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Սենատի նախագահ Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ: Փաշինյանը նշել է, որ առաջին դեպքն է, երբ ՀՀ ղեկավարը պաշտոնական այց է կատարում Նիդերլանդների թագավորություն և հույս հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ գործընկերությանը։ 

Փաշինյանը պաշտոնական այցն ավարտել է Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռուտեի հետ հադիպմամբ։  Երկու երկրների կառավարության ղեկավարները համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա է տնտեսական փոխգործակցության մեծ ներուժ, որի իրացումը կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել