Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանը խզել է կապերը Եվրոպայում «Գազպրոմի» դուստր-ձեռնարկությունների հետ
15:42 - 12 մայիսի, 2022

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանը խզել է կապերը Եվրոպայում «Գազպրոմի» դուստր-ձեռնարկությունների հետ

«Գազպրոմի» դուստր-ձեռնարկությունների դեմ Ռուսաստանի պատժամիջոցները նշանակում են, որ ՌԴ-ն նրանց հետ ոչ մի հարաբերություն չի ունենալու, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք «Գազպրոմի»՝ Եվրոպայում գտնվող  նախկին և ներկայիս դուստր-ընկերությունների դեմ պատժամիջոցները կբարդացնեն գազի մատակարարումը՝ Պեսկովն ասել է․ «Դրանք պատժամիջոցներ են, որոնք արգելափակում են մտցնում այս ընկերությունների նկատմամբ […], այդ պատճառով էլ այս ընկերությունների հետ փոխհարաբերություններ չեն լինելու, դրանք պարզապես արգելված են»։

Այն հարցին, թե ինչպես է դա ազդելու Եվրոպային գազ մատակարարելու վրա, Պեսկովը պատասխանել է․ «Այդ ընկերություններն այլևս չեն կարող մասնակցել գործընթացին, հավանաբար ուրիշ ընկերություններ կմասնակցեն դրան»։

Ռուսաստանը մայիսի 11-ին արգելափակող պատժամիջոցներ էր սահմանել Gazprom Germania խմբի նկատմամբ, որն այժմ Գերմանիայի կառավարությանն է ենթարկվում։

Այսօր ավելի վաղ Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը հայտնել էր, որ Գերմանիայում «Գազպրոմի» դուստր-ձեռնարկությունները երեկվանից դադարել են գազ ստանալ Ռուսաստանից, սակայն շուկան թույլ է տալիս դա փոխհատուցել։

Նրա խոսքով՝ գերմանացի մասնագետները «մշտադիտարկում են իրավիճակն ու պատրաստ են դրան»։ «Շուկան կարող է փոխհատուցել Ռուսաստանից գազի մատակարարումների բացակայությունը», - ասել էր նա։


Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել