Կառավարությունը 4 միլիարդ 750 միլիոն դրամ հատկացրեց ճանապարհների հիմնանորոգման համար
12:26 - 13 մայիսի, 2022

Կառավարությունը 4 միլիարդ 750 միլիոն դրամ հատկացրեց ճանապարհների հիմնանորոգման համար

Կառավարությունն այսօր ընդունված նախագծով ֆինանսական միջոցներ հատկացրեց բյուջով նախատեսված պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքները շարունակելու համար։ Վերաբաշխման միջոցով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացվեց 4 միլիարդ 750 միլիոն դրամ։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում թվարկեց այն օբյեկտները, որոնց աշխատանքները սկսել են 2021 թ․-ից և հիմա ֆինանսավորում է տրամադրվում՝ դրանք ավարտին հասցնելու համար․ «Խոսքը Վայոց ձորի մարզում Մ2 միջպետական նշանակության ավտոճանապարհի Արենի-Արփի-Եղեգնաձոր 17.7 կիլոմետր հատվածի հիմնանորոգման մասին է, Մ2 միջպետական նշանակության ավտոճանապարհի Սարավան-Սարալանջ 16.9 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգման մասին է»։ 

Վարչապետը նաև նշեց, որ ավարտական փուլում են Սյունիքի մարզի Վարդավանք- Խդրանց-Ագարակ ավտոճանապարհի 13.1 կլիոմետր հատվածը, Գեղարքունիքի մարզի Մ13 միջպետական ճանապարհի Մարտունի-Աստղաձոր 5.9 կլիոմետրանոց ճանապարհահատվածը․ «Վայոց ձորի մարզի Գետափի հատվածում հողային պաստառի փլուզման հատվածների պաշտպանիչ հենապատերի և կառուցվածքների վերականգնում, Արմավիրի մարզում Ալաշկերտ ավտոճանապարհի 1 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգում, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Սուրբ Վարդան փողոցի 1.5 կիլոմետր հատվածի հիմնանորոգում»։ 

Փաշինյանը նաև առնաձնացրեց այն աշխատանքները, որոնք մեկնարկում են այս տարի․ «Խոսքը Վայոց ձորի մարզում Նորավանքի պատմական հուշարձան հանրապետական նշանակության ավտոճանապարհի Արենի 8.1 կիլոմետրանոց հատվածի հիմանորոգման, Արարատի մարզի Բերդիկ-Այգեստան ավտոճանապարհի 2.1 կիլոմետր հատվածի, Այգեվան-Եղեգնավան ավտոճանապարհի 2.9 կլիոմետրանոց հատվածի հիմնանորոգման մասին է, սրանք էլ այն հատվածն է, մրցույթները եղել են, շինարարությունը մեկնարկում է այս որոշումից հետո»։ 

Վարչապետը նաև հայտարարեց, որ սկսում են նախագծային աշխատանքներ Աղվանի-Տաթև միջպետական նշանակության ավտոճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող ավտոճանապարհի կառուցման հատվածում։ «Երկրորդը Սյունիքի մարզում Որոտան-Բարձրավան-Շուռնուխ հատվածը շրջանցող ավտոճանապարհի վերակառուցման մասին է, Մ3 միջպետական ճանապարհում գտնվող կամրջի հիմնանորոգման մասին է Արմավիիրի մարզում»։ 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ հայտարարեց՝ պլանն այնպիսին է, որ վարորդները մինչև տարեվերջ  Մ2-ից կարողանան ուղևորվել Նորավանով, Լծենով դեպի  Տաթև․ «Մենք ունենք այդտեղ երկու հատված, մեկը հայտնի Տաթև-Լծենն է, որ 19.9 կիլոմետր է մեծ ծավալի խոշոր շինարարական աշխատանք է, և այնտեղ 19.9 -ից 15.7 կիլոմետրը ամբողջ հողային աշխատանքները արված են, նախապատրաստում ենք այսպես ասած ասֆալտապատման, մյուս հատվածներում աշխատանքներ իրականացվում են։ Կա ևս մեկ կարևոր հատված, դա արդեն Լծենից դեպի Շամբ հատվածն է, որը նույնպես դուրս չի մնա հիմնանորոգման աշխատանքներից և ոլորանների կարգավորման կարիք ունենք, այդ 6 կիլոմետրի համար մրցույթը հայտարարվել է, մոտ օրերս կունենանք շահող ընկերություն, այդ հատվածում շինարարությունը կսկենք, որը կբերի նրան, որ մենք Մ2-ից՝ Սիսիանի այդ հատվածից  մինչև Տաթև կունենանք նոր ճանապարհ, որը կբերի նրան, որ Տաթևի ոլորանների ձորի բարդություններից կխուսափենք»։ 

Փաշինյանի հիշեցրեց՝ Տաթև-Աղվանի ճանապարհը նախորդ տարի արտակարգ ռեժիմով է կառուցվել․ «Պիտի նաև արձանագրենք, որ երբ մենք նախագծում էինք, այդ ճանապարհը, չէինք նախատեսել, որ պետք է բեռնափոխադրումների ամբողջ ծավալը տեղափոխի այդ հատված և ճանապարհ և ճանապարհը նախագծային տվյալներով ավելի շատ միջհամայանքային և տուրիստական ճանապարհ էր նախատեսվել և դրա համար այնտեղ պրոբլեմներ են առաջացել»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով՝ քննարկումներ են ընթանում խնդիրները ըստ պատշաճի լուծելու համար։  

Նա նաև հավելեց՝  հանգամանքների բերումով Սյունիքի մարզում խիտ ճանապարհային ցանց են ստեղծում, ինչը ներդում է մարզի սոցիալ-տնտեսական զարգացման առումով․ » «Առաջիկայում սպասում ենք Հյուսիս-Հարավի Սիսիան-Քաջարան հատվածի մրցութային փաթեթեների բացմանը, որպեսզի տեսնենք՝ ոնց ենք առաջ շարժվելու» ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել