Այս շարժումը Հայաստանի վերջին 30 տարվա պատմության մեջ բացառիկ է,  և, ըստ էության, Ղարաբաղյան երկրորդ շարժում է․ Սաղաթելյան
14:21 - 14 մայիսի, 2022

Այս շարժումը Հայաստանի վերջին 30 տարվա պատմության մեջ բացառիկ է, և, ըստ էության, Ղարաբաղյան երկրորդ շարժում է․ Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսին ներկայացրեց, թե այս ընթացքում ինչ հաջողությունների է հասել ընդդիմության շարժումը։

«Ես ուզում եմ հստակ արձանագրել մի քանի կարևոր ձեռքբերումներ, որ արձանագրել ենք․

Շարժումը կասեցրել է Արցախի հարցում հայկական կողմի նշաձող իջեցնելու գործընթացը․ սա այլևս փաստ է, դա ակնհայտ է։

Երկրորդ․ շարժումը ստեղծել է իրական քաղաքական ճգնաժամ, այդ թվում՝ մեր միջազգային գործընկերների համար առնվազն այս պահին ակնհայտ է դառնում Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության հարցը։ 

Երրորդ․ շարժումը ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված որևէ զիջում, և Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու։ 

Եվ չորրորդ՝ շարժումը ակնհայտ է դարձրել, որ կա հանրային ձևակերպված պահանջ այս իշխանությունների հեռացման համար»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։ 

Սաղաթելյանի խոսքով՝ այս շարժումը Հայաստանի վերջի 30 տարվա անկախ պատմության մեջ բացառիկ է իր չափերով, ժողովրդականությամբ և, ըստ էության, Ղարաբաղյան երկրորդ շարժում է։

Հարցին՝ ինչպիսի Հայաստան է ունենալու քաղաքացին ընդդիմության իշխանության գալուց հետո, և ինչ է բերելու ընդդիմությունը առհասարակ, Իշխան Սաղաթելյանը ասաց․ 

«Այս իշխանությունը խոստացել է սեր, համերաշխություն, բայց բերել է ատելություն և պառակտում, խոստացել է ներդրումներ, բայց չկան ներդրումներ, մարդիկ ապրում են ավելի վատ․ դա ակնհայտ փաստ է։

Խոստացել է անվտանգություն, բարեկեցություն, Արցախի հարցում խոստացել է, որ առանց ժողովրդի որոշում չեն կայացնելու․ այստեղ ևս ամբողջությամբ ձախողել են։ 

Խոստացել են ժողովրդավարություն, խոսքի ազատություն, բայց տեսնում եք, թե ինչ է կատարվում Հյաստանում։ Խոստացել են արդարադատություն, բայց շրջափակել են դատարանները։ Էն դատավորները, որոնք իրենց ապօրինի հրամանները չեն կատարում, էն դատավորները, որոնք իշխանության հրամանով չեն ձերբակալում ընդդիմադիր գործիչներին, իրենք կալանքի են տանում այդ դատավորներին»։ 

Այսինքն, ըստ Սաղաթելյանի, խաբել են մարդկանց բոլոր ուղղություններվ և ոլորտներում։

Սաղաթելյանը նշեց՝ բոլոր այն խոստումները, որ 2018 թվականին տվել են հանրությանը և խաբել են, ընդդիմությունը իրականություն է դարձնելու բոլոր այդ խոստումները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել