Սաղաթելյանը նշեց՝ Փաշինյանը ունի պայմանավորվածություններ ու իշխանության մնալով երկիրը կամ պատերազմի է տանելու, կամ հայրենազրկման
15:12 - 14 մայիսի, 2022

Սաղաթելյանը նշեց՝ Փաշինյանը ունի պայմանավորվածություններ ու իշխանության մնալով երկիրը կամ պատերազմի է տանելու, կամ հայրենազրկման

Երբ իշխանության գանք, մենք չենք ասում՝ Ադրբեջանին կամ Թուրքիային պատերազմ ենք հայտարարելու կամ չենք բանակցելու: Մենք բանակցելու ենք և՛ Ադրբեջանի հետ, և նաև Թուրքիայի հետ։ Այս մասին ասաց Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է անելու ընդդիմությունը Արցախի հարցը կարգավորելու համար։ 

«Մենք հստակ հայտնել ենք․ Նիկոլ Փաշինյանի որևէ պայմանավորվածություն առոչինչ է, որովհետև ինքը ժողովրդի կողմից մանդատ չունի․ սա թող իմանան միջազգային գործընկերները, այդ թվում՝ Ադրբեջանն ու Թուրքիան։ 

Այն պայմանավորվածությունները, որ ինքը փորձում է ձեռք բերել Ադրբեջանի հետ, դա խաղաղության պայմանագիր չէ, դա հայրենազրկման և Հայաստանի պետականությունը կորցնելու պայմանագիր է, հետևաբար մեր կողմից անընդունելի է։ 

Մենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցելու ենք մեր օրակարգով, գնալու ենք մեր ժողովրդի ու պետության շահերը պաշտպանելու, այլ ոչ թե գլուխներս կախ՝ տեսնելու ենք՝ ինչ են անելու»։ 

Սաղաթելյանը նշեց, որ ակնհայտ է, թե ինչ են ուզում Թուրքիան և Ադրբեջանը, բայց հարց է, թե ինչ է ուզում Հայաստանը․ 

«Իրենց (Ադրբեջանի և Թուրքիայի-խմբ․) ամբողջ ագրեսիային, տարածքային պահանջներին հակադարձում են խաղաղության օրակարգով․ դա խաղաղություն չէ։

Նիկոլի մնալով լինելու է կամ պատերազմ կամ հայրենազրկում, որովհետև ակնհայտ է, որ նա ունի պայմանավորվածություններ․ կամ պետք է կատարի այդ պայմանավորվածությունները, այսինքն գնա զիջումների, կամ տեղի ունենա նոր պատերազմ»։ 

Սաղաթելյանը անդրադարձավ հարցին, թե արդյոք շարժամ մեջ կա պառակտում ու նշեց, որ շարժումը քաղաքական է, բայց վերկուսակցական է․ 

«Տարբեր խոսակցություններ կան, շատերը փորձում են պառակտել, բայց նման խնդիր չկա։ 

Հաճախ կուսակցությունները ավելի են աչքի ընկնում, որովհետև ունեն կազմակերպված ռեսուրս, բայց պառակտում չկա, հակառակը՝ կա լայն համախմբում, որովհետև մենք չենք համախմբվել մեկի շուրջ, մենք համախմբվել ենք մեկ գաղափարի շուրջ»։ 

Սաղաթելյանը զուգահեռներ տարավ նաև 88 թվականի շարժման հետ ու նշեց, որ Արցախյան շարժամ ժամանակ որևէ մեկը չէր համախմբվել Լևոն Տեր-Պետրոսյանի, Իգոր Մուրադյանի կամ Վազգեն Մանուկյանի շուրջ․ բոլորը համախմբվել էին Արցախի գաղափարի շուրջ։ 

«Մենք այսօր այդ իրավիճակում ենք ու շարժումը շատ նման է Ղարաբաղյան շարժմանը և՛ ձևաչափի, և՛ գաղափարախոսության, և՛ բնույթի հետ»,- նշեց Սաղաթելյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել