Զանգվածային սպանություն ԱՄՆ Նյու Յորքի նահանգում՝ ռասսայական ատելության հողի վրա. կա 10 զոհ
 |hetq.am|
12:50 - 15 մայիսի, 2022

Զանգվածային սպանություն ԱՄՆ Նյու Յորքի նահանգում՝ ռասսայական ատելության հողի վրա. կա 10 զոհ |hetq.am|

hetq.am: Վերջին տվյալներով՝ 10 մարդ է զոհվել ամերիկյան Նյու Յորք նահանգի Բուֆալո քաղաքի սուպերմարկետի տարածքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Ոստիկանությունը դա համարում է հանցագործություն, որն իրականացվել է ռասսայական ատելության հողի վրա։ BBC-ի փոխանցմամբ՝ դեպքի վայրում ձերբակալվել է 18-ամյա սպիտակամորթ մի երիտասարդ։ Կասկածյալը Փեյթոն Գենդրոնն է, որը նույն նահանգի Քոնքլին քաղաքից է։

Կասկածյալը շաբաթ օրը ցերեկը մտել է սուպերմարկետ և կրակ բացել։ Ոստիկանների խոսքով՝ նա տեսախցիկ է օգտագործել՝ հարձակումն առցանց հեռարձակելու համար։ «Մենք հետաքննում ենք պատահարը՝ որպես ատելության հողի վրա իրականացված հանցագործություն և ռասսայական հողի վրա հիմնված բռնի ծայրահեղականության դեպք»,- Բուֆալոյում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սթիվեն Բելոնգիան։

Ենթադրվում է, որ կասկածյալը տեղաշարժվել է մի քանի ժամ, որպեսզի հասնի Բուֆալո քաղաքի շրջան, որը հիմնականում բնակեցված է սևամորթներով։ Բուֆալոյի ոստիկանության կոմիսար Ջոզեֆ Գրամալիի խոսքով՝ զոհերի մեծ մասն աֆրոամերիկացիներ են։ Եվս 3 մարդ, բոլորը սուպերմարկետի աշխատակիցներ, վիրավորվել են։ Կենսաթոշակի անցած ոստիկանը, որը սուպերմարկետում պահակ էր աշխատում, փորձել է վնասազերծել հարձակվողին, սակայն սպանվել է։

Ոստիկանոթյունը հայտնել է, որ հարձակվողը զինված է եղել բավականին լավ հրացանով, նրա վրա եղել է զրահաբաճկոն և սաղավարտ։ Դեպքի վայր ժամանած լրացուցիչ ուժերի հետ նա փորձել է առճակատման մեջ մտնել, սակայն այնուհետ զենքը ցած է դրել, ձերբակալվել է, իսկ այնուհետ՝ կալանավորվել։

Դատարանը նշանակել է դատաբժշկական փորձաքննություն։ Սպասվում է, որ մի քանի օր անց կասկածյալը կկանգնի դատարանի առաջ՝ առաջին մակարդակի սպանության մեղադրանքով։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում՝ առանց վաղաժամկետ ազատման (Նյու Յորք նահանգում մահապատիժն արգելված է)։

Բուֆալոյում տեղի ունեցածի մասին զեկուցվել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։ «Նախագահը և առաջին տիկինն աղոթում են բոլոր զոհերի և նրանց հարազատների համար»,- նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։ Ավելի ուշ, Ջո Բայդենը հայտարարել է, որ անհրաժեշտ է պայքարել ներքին ահաբեկչության և ԱՄՆ-ում ռասիզմի դրսևորումների դեմ։

18-ամյա կասկածյալ Փեյթոն Գենդրոնը։ Լուսանկարը՝ BigDawg/REUTERS

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել